Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչ ես տատանվում էի, Մակար աղան ծառայի միջոցով կանչեց ինձ յուր մոտ։ Վերջին ժամանակները նա սովորություն էր արել երբեմն ինձ կանչել յուր մոտ և զանաղան բաների մասին հարց ու փորձ անել։ Լինելով կասկածավոր բնավորության տեր, նա ուզում էր, որ ամեն բան իրան հայտնի լինի և այս պատճառով ինձանից շատ անգամ այնպիսի չնչին բաների մասին էր տեղեկություններ պահանջում, որ ես զարմանում էի։ Օրինակ, նա հարցնում էր, թե գիշերներն այս կամ այն ծառան ինչ է անում յուր սենյակում, վաղ է պառկում քնելու թե ուշ, քանի բաժակ թեյ է խմում, ինչքան անգամ է օրը հաց ուտում և այլ այսպիսի մանր-մունր բաներ։

Մակար աղան թեյ էր խմում։ Ես գլուխ տվեցի նրան և կանգնեցի դռների մոտ, ձեռներս դարսելով կրծքիս։

— Հըմ, ի՞նչ կա, ինչ չկա, պարոն Խաչի։

Վերջին ժամանակները Մակար աղան սովորություն էր արել ուրախ ժամանակին ինձ հետ խոսելիս «պարոնը» կպցնել իմ անվանը մի տեսակ մեղմ հեգնությամբ։

— Ձեր հրամանոց առողջությունը, Մակար աղա, — պատասխանեցի ես, գլուխս համեստությամբ խոնարհեցնելով։

— Այսօր ես մինչև երեկո մագազինում չեմ եղել, ի՞նչ են արել գործակատարները։

— Ինչ պետք է անեին, մի՞թե չգիտեք, թե ձեր հրամանքը մագազինում չեղած ժամանակը ինչ են անում նրանք։

— Հըմ, խոսիր տեսնենք․․․

— Մի այնպիսի բան չկա։ Ուզում եմ միայն ասել, որ երբ դուք մագազինում չեք լինում, առհասարակ գործակատարները շատ էլ խելոք չեն պահում իրանց, — պատասխանեցի ես, գլուխս ավելի քաշ գցելով, իբրև թե խիստ ամաչում եմ Մակար աղայից։

— Գիտեմ ինչպես են պահում իրանց։ Երբ ես այնտեղ չեմ լինում, հավաքվում են միասին և ռեխները ծռած սովբաթ անում, իսկ մուշտարիները գալիս են ու դատարկ հետ գնում։

— Դատողություններ են անում, աղա, խելքներին զոռ են տալիս։