Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Հա՞ա, հապա ասա տեսնենք, ինչի՞ մասին են դատողություններ անում, — ասաց Մակար աղան տեղից բարձրանալով։

Ես մի փոքր հետ քաշվեցի, ցույց տալու համար, թե իբր վախենում եմ նրանից։

— Ձեր գործերի մասին էին խոսում, աղա․․․

Մակար աղայի հետաքրքրությունը գրգռվեց։ Ես միամիտ ձևացա, իբրև թե իմ ասածին ինքս այնքան էլ նշանակություն չեմ տալիս։

— Ի՞նչ են խոսում իմ վերաբերմամբ, պատմիր շուտով, — կրկնեց նա։

— Ասում են, դուք լավ մարդ եք, խաբող, սուտ ասող չեք, է՛հ, ինչ գիտեմ, ուրիշ այսպիսի շատ բաներ են ասում։

— Հանաք մի արա այ տղա, գոռաց Մակար աղան տաքացած։

— Ասում են, թե դուք ձեզանից մեծերին և ուժեղներին կեղծավորում եք ու շողոքորթում, իսկ փոքրերի առջև հպարտ ու գոռոզ եք պահում ձեզ։ Թե դուք գողութենով և խաբեբայութենով եք այդքան հարստություն դիզել։ Գրիգորը պատմում էր, թե դուք իբրև թե խաբել եք ինչ-որ Աթոյանց ազգանունով վաճառականի, նրա 75 հազար մանեթը կուլ եք տվել, հետո խաբել եք ծերունի Թոթովյանցին և նրա 30 հազար մանեթը կերել։ Այսպիսի և սրա նման շատ բաներ էին ասում, Մակար աղա։ Ես չէի ուզում լսել նրանց, որովհետև ինձ շատ վատ էր թվում, որ իմ աղայիս մասին ստեր են հնարում և այն էլ այնպիսի մարդիկ, որոնք նրա հացով են ապրում։ Բայց ի՞նչ պիտի անեի․ մագազինից դուրս գալ չէի կարող, նրանք խոսում էին, ես էլ ակամա լսում էի։

Մակար աղան բարկությունից գունատվեց։ Ես իսկապես սկսեցի նրանից վախենալ։ Բայց շուտով էլի ուղղեցի ինձ։

— Հետո՞, էլ ի՞նչ էին խոսում շան զարմերը։

— Է՛հ, Մակար աղա, շատ բաներ կասեն, բայց ո՞վ է հավատում նրանց ասածներին։

— Հավատում են թե չեն հավատում, քո բանը չէ։ Դու պատասխանիր այն, ինչ որ ես եմ քեզանից հարցնում։ Ասա տեսնեմ,