է՞լ ինչ էին խոսում, — շարունակեց Մակար աղան կատաղած, այնպես որ ես սկսեցի փոշմանել իմ ասածների վրա։
— Միայն ձեր մասին չէին խոսում, այլ բոլոր վաճառականների մասին։ Ասում էին թե նրանք ամենքն էլ սուտ ասողներ, խաբողներ, գողեր են, թե նրանց մոտ ծառայողներն էլ պետք է այդպես լինին, որովհետև ուրիշ կերպ չեն կարող լինել։
— Այդ ո՞ր գործակատարն էր ասում։
Ես հիշեցի Գրիգորի և մեկ էլ յուր պաշտոնից անբավական գործակատարի անունները։
— Այդ էլ իմ լավության պտուղը․․․ փողոցներում ոտաբոբիկ լակոտներ էին, հավաքել եմ, բերել, մի կտոր հացի տեր շինել, այժմ ինձ էլ չեն հավանում։ Արի այժմ աղքատներին ողորմություն արա, խղճա նրանց վրա, Մակար։
— Գրիգորն ասում էր, թե մինչև անգամ ինքն էլ պատրաստ է ուրիշի փողերն ուտել, եթե ձեռքն ընկնի։ Նա այսպիսի մի բան էլ ասաց․ «Գողից գողություն անելը մեղք չէ»։
Այս անգամ Մակար աղայի կատաղությունը սահմանից դուրս եկավ, նա սկսեց արագ-արագ քայլել։ Իմ խոսքերն ասեղների նման ցցվում էին նրա սրտի մեջ։
— Լա՛վ, գնա՛, — դարձավ նա, վերջապես, ինձ։
— Բայց, աղա, մի բան եմ խնդրում ձեզանից։
— Ի՞՛նչ։
— Որ դուք գործակատարներին չասեք, թե ես եմ այս ամենը ձեզ պատմել, առանց այն էլ նրանք ինձ հետ լավ չեն վարվում։ Ինձ ծեծելով կսպանեն։ Խեղճ մարդու տղա եմ, մտել եմ ձեզ մոտ մի կտոր հաց ուտելու, պարտավոր եմ կերածիս փոխարեն ձեզ հավատարմությամբ ծառայելու։ Ես պարտքս եմ կատարում։
— Լավ է, դուրս եկ, կորի՛ր։
Ես, իհարկե, դուրս եկա իսկույն, բայց չկորա, մտա սենյակս։
Հետևյալ առավոտ Մակար աղան վռնդեց Գրիգորին և այն գործակատարին, որ յուր դրութենից անբավական էր։
Վերջինի պաշտոնը Մակար աղան հանձնեց ինձ։