Արդեն երեք տարի էր, որ ես ծառայում էի աղա Գուլամյանցների մագազինում։ Գործերս վատ չէին գնում։ Եվ արդեն գրավել էի Մակար աղայի հավատարմությունն և օրեցօր ավելի ու ավելի բարձրանում էի նրա աչքում։ Մանրավաճառ Թորոսի խոսքերի նշանակությունը փոքր առ փոքր սկսում էի հասկանալ, նրա տված խրատն ինձ օգնում էր։ Այնտեղ, ուր հարկավոր էր խորամանկություն — ես խորամանկ էի, ուր հարկավոր էր միամտություն — ես միամիտ էի։ Ուր հարկավոր էր կեղծավորություն և շողոքորթություն — ես կեղծավորող և շողոքորթող էի, ինչպես պարսիկ, ուր հարկավոր էր ստախոսություն — ես սուտ էի ասում, ինչպես մի հմայող։ Մի խոսքով, ես հնազանդվում էի ամեն մի դեպքում հանգամանքներին և իմ ամեն մի քայլն անում էի վերջինների համեմատ, միայն թե կարողանայի առաջանալ Մակար աղայի մոտ, միայն թե ձեռք բերեի նրա վստահությունը։
Հասել էին այն ուրախ օրերն, երբ Մակար աղան պիտի ամուսնանար։ Մի քանի ամիս առաջ արդեն սկսել էինք պատրաստություններ տեսնել այդ նշանավոր օրվա, համար։ Այդ օրերն ես այնքան զբաղված էի, որ, ինչպես ասում են, քիթ սրբելու ժամանակ չունեի։ Իմ գործերը շատացել էին թե տան և թե՛ մագազինում։ Ամենքն ինձ էին հանձնարարություններ անում, և ես կատարելապես թևեր էի առել ու թռչում էի ամեն կողմ, ուր ուղարկում էին ինձ։ «Խաչի, գնա բազար, այնինչ բանը գնիր»։ — «Այս րոպեիս աղա», և Խաչին մի վայրկյանում անհետանում էր աղայի հրամանն անհապաղ կատարելու։ «Խաչի, վազ տուր մագազինից այսինչ կտորը բեր»։ — Մակար աղան դեռ խոսքը չավարտած, Խաչին արդեն ճանապարհ է ընկել։
Այդ միջոցներին Մակար աղան գտնվում էր ուրախ տրամադրության մեջ։ Նա ամենքի հետ քաղցրությամբ էր վարվում, ամենքի հետ խոսում էր կակղությամբ, նամանավանդ ինձ հետ։ Մյուս գործակատարների դեպի ինձ ունեցած նախանձին չափ չկար, ես դառել էի մի փուշ և ծակում էի նրանց աչքերը։ Ամենքը նախանձում էին մանավանդ նրա համար, որ ես աղա Գուլամյանցների