Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընտանիքում ընդունվում էի ինչպես նրա անդամներից մեկը, իսկ իրանք ամսենը մի անգամ հազիվ ոտք էին դնում այնտեղ։

Մակար աղան պիտի պսակվեր Շ․․․ քաղաքի մի հարուստ դրամատիրոջ աղջկա հետ․ Այն աղքատ աղջիկը, որի հետ նա առաջ ուզում էր նշանվել և որի մասին միջնորդություն էր անում տեր-Վահակը, մեռել էր։

Թե ինչ էր Մակար աղայի հարսանիքը, որքան շքեղ էր և ինչքան ծախս եղավ — այս մասին ես ավելորդ եմ համարում գրել իմ հիշատակարանում։ Բավական է միայն ասել, որ խրախճանը շարունակվեց ուղիղ հինգ օր, և քաղաքում մարդ չմնաց, որ չհրավիրվեր հարսանիք։ Մի օր Մակար աղան ճաշկերույթ տվեց առանձնապես հասարակության բարձր դասակարգին, երկրորդ օրը — միջին և ստոր դասակարգերին, երրորդ օրը — ռուսներին, չորրորդ օրը — յուր ընկերակիցներին։ Եվ այդ հինգ օրվա ընթացքում ես այնքան աշխատել էի, այնքան այս ու այն կողմն էի վազվզել, որ հետո երկու օր հոգնածութենից սենյակիցս դուրս գալ չկարողացա։

Այսպես թե այնպես, ինձ համար խիստ ուրախ անցան հարսանիքի օրերը։ Ես մինչև անգամ զգում էի ինձ հարսանիքի հերոսներից մեկը․ Մի անձն, որով իմ ուշք ու միտքն այդ օրերը չափաղանց զբաղված էին — Թամարն էր, որի հետ ամեն օր և ամեն ժամ առիթ ունեի խոսալու։ Թամարը, հասակ առնելով, կրկնապատիկ գեղեցկացել էր։ Մարդ եմ ասում, այն էլ ինձ նման 20 — 21 տարեկան թարմ երիտասարդ, որ անտարբեր լիներ։ Նայելով նրա առույգ և կարմրախայտ թշերին, սև ու կրակոտ աչքերին, նայելով շագանակագույն խիտ մազերին, որոնք թափվելով նրա բարձր ուսերի վրա հասնում էին մինչև մանիշակագույն ատլասյա հագստի վրա կապած ոսկե գոտին, նայելով նրա գեղեցիկ ոսկե մեդալյոնով զարդարված բարձր կրծքին — խոստովանում եմ, ամեն անգամ սիրտս ժամացույցի նման չխչխկում էր։ Ես հազիվհազ կարողանում էի զսպել ինձ, որպեսզի չհարձակվեմ նրա վրեն և չգրկեմ։

Հարսանիքի օրերը կանանց դասակարգը, ինչպես ընդունված