Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասածը կրկնել։ Դու պիտի այնպես վարվես նրա հետ, որ նրան չբարկացնես, եթե ոչ քեզ մի օր անգամ չի պահիլ։ Դու չպիտի մազի չափ նրա հրամաններից շեղվես։ Լսո՞ւմ ես։

— Ես կլինեմ Աբրահամ աղայի ստրուկը, ինչպես նա կհրամայի, այնպես էլ կվարվեմ։ Ես ձեր ծառան եմ, ձեր հացն եմ ուտում․ ստրուկն ի՞նչ իրավունք ունե յուր տիրոջ հրամաններից շեղվել։

Մակար աղան մի քանի րոպե լռեց, մտածողության մեջ ընկնելով։

— Խաչի, — շարունակեց նա հանկարծ, կարծես, ծանր քնից սթափվելով։

— Հրամայեցե՛ք, աղա։

— Դու ինձ շա՞տ ես սիրում։

— Ավելի, քան թե ծնողներիս, ես վերև աստծուն եմ պաշտում, ներքև՝ ձեզ։

— Ինչ որ հրամայեմ կկատարե՞ս։

— Հրամայեցեք խեղդվել — նույն րոպեին կխեղդվեմ, հրամայեցեք ջուրն ընկնել — նույն րոպեին ջուրը կընկնեմ, միայն թե ձեր հրամանը կատարվի։

— Մի բան հարցնեմ, ճշմարի՞տը կպատասխանես։

— Աղա, այդ ինչ խոսք է, որ դուք հրամայում եք։ Միթե երբևիցե ես ձեր ասածներին սուտ պատասխաններ տվե՞լ եմ, որ դուք այժմ կասկածում եք։

— Շատ լավ․ բայց վախենում եմ, որ այս անգամ սուտ ասես։

— Էլ ինչ ասեմ, աղա, հարցրեք ու փորձեք։

— Խաչի, դու մեր Թամարի հետ խոսո՞ւմ ես։

— Ինչո՞ւ չէ, չորս տարի ձեր տանը ծառայում եմ, ինչպես կարելի էր, որ այդքան ժամանակ նրա հետ չխոսեի։

— Ինչ ես խոսում նրա հետ։

— Ի՞նչ պետք է խոսի ծառան խանումի հետ․ նա ինձ հրամաններ և պատվերներ է տալիս, իսկ ես կատարում եմ։

— Բացի դրանից, ձեր մեջ ուրիշ խոսակցություն չի՞ եղել։