Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աբրահամ աղայի հրամանին և մի գեղեցիկ օր ճանապարհվեցի նրա հետ Ռուսաստան։ Փույթ չէ, — ասացի ինքս ինձ, — ես Թամարի վարկն այնպես չեմ գցել նրա, անունն այնպես չեմ խայտառակել, որ մեկը վստահանա նրան մատենալ։ Ինչ կուզեն, թող անեն Գուլամյանցները, վերջ ի վերջո Թամարն իմն է։

IX

— Խաչի, — ասաց ինձ Մոսկվայում Աբրահամ աղան ուրախ ժամանակը, — քանի՞ տարի է, որ մեզ մոտ ծառայում ես։

— Արդեն յոթերորդ տարին է։

— Այդ յոթ տարում դու քանի՞ անգամ ես մեզանից փող ստացել։

— Չորս անգամ Մակար աղայից եմ ստացել` երկու երկու հարյուրական ռուբլի, երկու անգամ էլ ձեզանից` հինգ հարյուր ռուբլի, ընդամենը հազար երեք հարյուր ռուբլի։

— Ի՞նչ ես արել այդ փողերը։

— Ուղարկել եմ հորս։

— Այդ յոթ տարում ուրեմն այդքա՞ն ռոճիկ ես ստացել մեզանից։

— Այո՛։

— Քո ծնողներն աղքթա՞տ են։

— Իմ ռոճիկն է միայն նրանց եկամուտը։

— Ուրեմն շա՞տ աղքատ են ապրում։

— Շատ աղքատ։ Ծերության հասակում շատ օրեր քաղցած են անցկացնում։ Բայց ի՞նչ պետք է արած, աղա, աստուծո կամքն է, երևի՛, նրանց ճակատին լավ ապրուստ չի գրված։

Աբթահամ աղան ձեռը տարեց գրպանն և ահագին պորտմոնեն հանեց։

— Առ այս հազար մանեթը, — ասաց նա, հանելով տասը հատ կանաչ կարմիրանոցներ և դնելով իմ առջև, սեղանի վրա։

— Նախ և առաջ քեզ համար մի երկու ձեռք լավ հագուստ գնիր։ Քո այժմյան հագուստը շատ հին է և կեղտոտ․ մեր անվան