Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարող է ծառայելով ընտանիք պահել, — ասացի ես, հասկանալով մասամբ Մակար աղայի միտքը։

— Քանի որ մարդ մենակ է, աստված էլ նրան մեկի ապրուստ է տալիս, բայց երբ ամուսնանում է, աստված ինքը նրա ընտանիքի հոգսն էլ է տեսնում։ Օրինակ, դու այժմ մենակ ես, նա քեզ քո ապրուստը տալիս է, բայց երբ պսակվես, քո ընտանիքի հոգսն էլ կանե։

— Եթե իմանամ, որ աստված կարողություն կտա ապրելու, հենց վաղը կպսակվեմ։

— Փորձիր և տես կտա թե չէ։ Արի՛, ճշմարիտ, Խրիստաֆոր Սերգեյիչ, քեզ պսակենք։ Վաղուց եմ մտածում, որ հարկավոր է քեզ պսակել և շատ ժամանակ է, որ մի լավ, սիրուն աղջիկ աչքի առջև ունիմ քեզ համար, ասաց Մակար աղան, դարձյալ ժպտալով։

— Ո՞վ է այդ աղջիկը, Մակար Պետրովիչ, ես գիտեմ, որ ձեր հավանածն անպատճառ լավը կլինի, — հարցրի ես, միամիտ ձևանալով։

— Մի երևելի, հարուստ և ազնիվ ընտանիքի աղջիկ, որի վրա շատերն աչք ունին։

— Ո՞վ է այդ ընտանիքը։

— Մեր ընտանիքի նման մեկը։

— Ես այս քաղաքում ձեր ընտանիքի նման ուրիշը չեմ ճանաչում։

Մակար աղան դռանը զարկեց, և նույն րոպեին իմ առջև ներկայացավ աղա Գուլամյանցների ամբողջ ընտանիքը։

Ես նկատեցի նրանց մեջ գլուխը քաշ ձգած և ամոթից կարմրած Թամարին, որի ձեռից բռնած ներս բերեց Մակար աղայի ամուսինը։

— Այ քեզ այն ընտանիքը, սա էլ իմ ասած աղջիկը։ Հը՛մ, այժմ ճանաչո՞ւմ ես թե ոչ, լավ մտիկ արա, — ասաց Մակար աղան, բռնելով Թամարի ձեռքից և առաջ քաշելով։

Ես ամոթից կարմրեցի և չկարողացա ոչինչ խոսել։

— Ձեռ ձեռի տվեք, ես ձեզ վաղուց եմ մտքումս նշանել։

Ես անզգայաբար ձեռս մեկնեցի Թամարին։ Գործողությունն