Jump to content

Էջ:Shirvanzade I hator.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնքան հանկարծակի եղավ, որ ես, ճշմարիտն ասած, մնացել էի շվարած։

— Ի՞նչ ես սառել, այ կնիկ, Գալուստին հրամայի շամպանսկի բերի։

Անցան առաջին վայրկյանները, և ես, փոքր առ փոքր ուշքի գալով, սկսեցի ուշադրությամբ քննել իմ դրությունը։

— Աստված շնորհավոր անի, բարով շուտով պսակենք, — ասաց Մակար աղան, դատարկելով շամպանիայով լի բաժակը։

— Ամեն, ամեն, աստված շնորհավոր անի, — կրկնեց ամբողջ ընտանիքը միաբերան։

— Ես իմ կողմից նշանեցի, վաղը քահանա կկանչենք, որ «պահպանիչն» ասի, բանը վերջանա, — ասաց Մակար աղան մի մեծ ադամանդյա մատանի անցկացնելով իմ մատին, մյուսը Թամարի մատին։

«Յորղա Խաչի, բանդ շինվեց, բայց մի հափշտակվի՛ր, ոտդ ամուր դիր», — մտածեցի ես իսկույն։

— Մակար Պետրովիչ, ես արժանի չեմ այս փառքին։

— Ամենից արժանավորը դու ես, ես հենց մինչև այսօր Թամարին քեզ համար եմ պահել։

— Չէ՛, Մակար Պետրովիչ, ինձ նման աղքատ մարդը անարժան է ձեր նման հարուստ ընտանիքի փեսա դառնալուն։

— Սո՛ւս արա, դատարկ, դատարկ մի՛ դուրս տուր, աղքատին հարստացնելը Գուլամյանցների ձեռքում մի դժվար բան չէ։ Քսանուհինգ հազար մանեթ օժիտը Թամարի գլխին է։

«Փառք աստուծո, ես էլ հենց այդ էի ուզում լսել քո բերանից», — ասացի մտքումս և մատանին քաշեցի մատիս։

Պետք է ասած, որ այն օրվանից, երբ Թամարը գրավել էր ուշադրությունս, երբեք մի անգամ էլ ինձ չեմ տվել այն հարցը, թե արդյոք ինքը Թամարը կհամաձայնվի իմ ամուսինը դառնալ։ Ես այս հարցով գլուխ ցավացնելն ավելորդ էի համարում, որովհետև գիտեի, որ Թամարի կամքը ոչինչ նշանակություն չէր կարող ունենալ։ Աղա Գուլամյանցների ընտանիքում, ինչպես վերը հիշել եմ, դեռ տիրում էր ասիական բռնակալության ոգին։ Այնտեղ Թամարի համակրությունը դեպի յուր նշանածն ոչինչ նշանակություն չէր