կարող ունենալ։ Այնտեղ ամեն ինչ կախված էր ընտանիքի գլխավորներից։ Ահա ինչու սկզբից մինչև վերջը աշխատում էի միայն Մակար աղայի վրա ազդել։
Յոթ տարի է, որ ես, Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովս, աղա Գուլամյանցների փեսան եմ։ Նստած երկհարկանի սեփական տանս մեջ, իմ առանձնասենյակում, գործերից ազատ ժամանակ, ես երբեմն-երբեմն մտաբերում եմ անցյալը և համեմատում նրան ներկայի հետ։ Հիշում եմ այն աղքատ ընտանիքը, այն պատառոտված ցնցոտիները, ծակ կոշիկները, որ ես հագնում էի այդ ժամանակ, հիշում եմ, համեմատում եմ այժմյան դրության հետ և ինքս ինձ վրա զարմանում։ Հիշում եմ այն օրը, երբ հայրս հրավիրեց յուր բարեկամներին մեր տուն, տեր-Վահակի մոտ ուսումս ավարտելուց հետո իմ ապագայի մասին խորհրդակցելու։ Հիշում եմ դարբին Մարութի տված հիմար խորհուրդը, որ ես արհեստավոր դառնամ, հիշում եմ և իմ այժմյան դրությունը համեմատում Մարութի որդու դրության հետ, որն յուր հոր պես պարապում է դարբնությամբ և կեղտի ու մրի մեջ հազիվհազ քաշքշում է յուր կյանքը։ Հիշում եմ այս բոլորն և փառք տալիս աստծուն, որ չթողեց հորս հետևել դարբնի խորհրդին։ Իսկ ինչ վերաբերվում է մանրավաճառ Թորոսին, որն այսօր մեր քաղաքում առաջին դրամատերն է, նրա խրատներն երբեք չեմ մոռացել և չպիտի մոռանամ։ Մտաբերում եմ նրա հորս ասած խոսքերը․ «Տուր Խաչիին մի վաճառականի մոտ գործակատար, և նա շուտով կգտնի փող աշխատելու գաղտնիքը»։
Ես գաղանւիքը գտա, գրավելով աղա Գուլամյանցների հավատարմությունը ներելի և աններելի միջոցներով։
Շատ բաներ եմ արել և արել եմ առանց ինքս ինձ հաշիվ տալու, առանց դիմելու իմ խղճին և նրանից թույլտվություն խնդրելու։ Կեղծավորել եմ, շողոքորթել է ստորացել այն մարդկանց առջև, որոնք ինձանից զորեղ են եղել և որոնցից ակնկալություն եմ ունեցել։ Խաբել, մոլորեցրել եմ ինձանից թույլերին և պակաս խորամանկներին։