Հունիսի սկիզբն էր։ Բաքվի նավահանգստի առաջնակարգ կայարաններից մեկի վրա եռում էր ծովեզրյա և արդյունաբերական քաղաքին հատուկ աշխատավոր կյանքը։ Եղանակը սաստիկ շոգ էր։ Միջօրեի արեգակը պայծառ հորիզոնից յուր այրող ճառագայթները սփռել էր խաղաղ ծովի հայելանման մակերևույթի վրա։ Քամու նշույլ չկար։ Օդը պլպլում էր այնպես, ինչպես պլպլում է թոնրի երեսին կրակի զորությունից։ Երրեմն-երբեմն այս կամ այն տեղում ծովի հարթ մակերևույթը սոսափվում էր դեսուդեն լողացող փոքրիկ մակույկների թիերի հարվածներից։ Այդ ժամանակ պարզ ջրի մեղմ ալիքները մի առանձին հրճվանքով խաղում էին արեգակի հետ, փշրելով նրա լույսը բյուրավոր գոհարափայլ ճառագայթների։ Մակույկներն անցնում էին, անջատված ջուրը միանում էր և ծովի մակերևույթը կրկին հարթվում։
Կայարանն երեք կողմից շրջապատված էր բազմաթիվ փոքր ու մեծ շոգենավերով և առագաստանավերով։ Մի քանիսը շոգենավերից լիքն էին զանաղան տեսակի ապրանքներով և սպասում էին