ԾԵՐՈՒԿ.— Ամեն բան տակն ու վրա անելուց հետո ո՞վ պիտի գրե նոր ավետարանը կամ կտակը, ինչպես ասում ես, մարդկությանը և կրոնքին հարմար։
ԱՆՏՈՆ.— Նա արդեն գրված է: (Աղերսանքով) Այժմ թող ինձ, պապիկ, հետո եկ, կխոսենք, կդատենք։ Ես էլ սիրում եմ խոսել։ (Ցույց է տալիս կուրծքը) Ներիր, այստեղ օձեր են գալարվում, լրջորեն մտածելու կամ դատելու անկարող եմ․․․
ԾԵՐՈՒԿ.— (Սիրալիր) Նստիր, աղաչում եմ (Ինքն իրեն) ուղղակի տրաքվում եմ․․․ Ե՞րբ պիտի վերջանա այս տանջանքը, կյանքումս այսքան լռած չեմ եղել․․․ Իմ ի՞նչ գործն էր գաղտնապահ դառնալը։ Թու, Անտոն: (Նստում է տխուր, վազելով գալիս են մի քանի բանվորներ) Ընկեր Անտոն, գլխավոր պահակակետում ձեզ կանչում են (Նկատելի իրարանցում, վազում են դես ու դեն, Անտոնը գնում է, բանվորներից մեկը գաղտագողի ետ է դառնում և հարձակվում ծերուկի վրա):
ԲԱՆՎՈՐ.— (Հանդուգն) Հը, ծեր արջ, լավ կռվեցի՞ր։
ԾԵՐՈԻԿ.— (Անուշադիր) Ինչ է, շքանշա՞ն պիտի տաս։
ԲԱՆՎՈՐ.— Միտքս դրել եմ։
ԾԵՐՈՒԿ.— Զուր ծախս։
ԲԱՆՎՈՐ.— Ինչո՞ւ:
ԾԵՐՈՒԿ.— Ես դեռ շնորհքս ցույց տված չեմ։
ԲԱՆՎՈՐ.— Վախենո՞ւմ էիր։
ԾԵՐՈՒԿ.— Չէ, դեռ կարիք չէ զգացվել։
ԲԱՆՎՈՐ.— Իսկ երբ զգացվի՞:
ԾԵՐՈՒԿ.— Այն ժամանակ կաշխատեմ ամոթով չմնալ։ Ես լավ զինվոր եմ եղել և ավելի լավ կռվել, դե՛հ, գնա գործիդ։
ԲԱՆՎՈՐ.— Ուշ է շնորհքդ ցույց տալու։
ԾԵՐՈՒԿ.— (Միամիտ) Ինչո՞ւ։
ԲԱՆՎՈՐ.— (Արհամարհանքով ցույց է տալիս կարմիր դրոշը) Սա վար առ։
ԾԵՐՈՒԿ.— (Կատաղած) Չհամարձակվես, անպիտան, լակոտ, սրիկա․․․
ԲԱՆՎՈՐ.— Դավաճան, ապստամբ, ո՞ւմ դեմ ես կռվում․․․ (Հարձակվում է):
ԾԵՐՈՒԿ.— (Զայրույթից դողալով) Մի մոտենար, լրտես, ստոր․․․ (Բանվորը հանում է ատրճանակը և սպանում ծերին, խլում է դրոշը, ճղում ու խփում ծերի կրծքին. փախչում: Երևում է Անտոնը մեքենայապետի հետ, երկուսն էլ ընկճված են ու գունաթափ):
ԱՆՏՈՆ.— (Անպատմելի հուսանատ) Վերջացավ․․․ Իսկ ինձ թվում էր, թե կդիմանանք․․․ Ի՜նչ դրություն (Խփում է կրծքին) դեռ բոլորովին դուրս չի թափվել այստեղից վրեժն ու դառնությունը. ինչպե՞ս