Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԹԱ.— (Սաստիկ հուզված բանվորներին) Տարեք․․․ ես իսկույն կգամ։ (Բանվորները վերցնում են դիակն ու հեռանում):

ԱՆՏՈՆ.— (Ինքն իրեն կորցրած) Մարթա․․․ (Գրկում է ու համբուրում) որտե՞ղ էիր։

ՄԱՐԹԱ.— (Բաց է անում դեմքը) Եկել էի քո ետևից․․․

ԱՆՏՈՆ.— (Զարմացած ու չհասկացած) Ինչո՞ւ։

ՄԱՐԹԱ.— (Ժպտում է ու ցույց տալիս թևը, Անտոնը հիացած դիտում է նրան ու չի հավատում աչքերին):

ԱՆՏՈՆ.— Անգին աղջիկ․․․ Իսկ ինձ ասացին, որ մայրդ․․․

ՄԱՐԹԱ.— (Տխուր) Նա, տնակը, իմ ողջ անցյալը այրվեց, չկա․․․ ինքն է այրել, թե մարդիկ՝ չգիտեմ, ինձ ասացին, որ պատերն են մնացել․․․ (Անտոնը գրկում է նրան՝ ուզելով մխիթարել) Դու կարծում ես ցավո՞ւմ եմ, երբե՛ք։ Այսպիսի մի բախտավորություն ես նույնիսկ երազած չէի։ (Ոգևորված) Այրվեց ինչ որ հին էր, ապականված, հիվանդ ու անզոր․․․ Իմ աղքատ խրճիթի ծուխն էլ խառնվեց այն մեծ հրդեհին, որից մնացած փլատակները մաքրելու ուխտ եմ արել ես նորը շինելու անխորտակ հավատով՝ լսո՞ւմ ես, պրոլետարիատ․․․

ԱՆՏՈՆ.— (Սիրով) Չեմ հավատում աչքերիս, ականջներիս։

ՄԱՐԹԱ.— Հավատա։ (Սիրով ու ողջագուրանքով) Չէ՞ որ դու էիր ինձ կանչողը, ահա ես էլ եկա․․․

ՄԵՔԵՆԱՅԱՊԵՏ.— (Հանում է գլխարկն ու մոտենալով Մարթային) Հասկացա․․․ Անտոնի և ձեր ընկերը, ուրախ եմ ու չափազանց գոհ․․․ (Երկար թափահարում է Մարթայի ձեռքը):

ԱՆՏՈՆ.— (Հպարտ) Հավանեցի՞ր․․․ (Սեղմում է կրծքին) Սա իմ Մարթան է․․․ իմ․․․ իմ․․․

ՄԵՔԵՆԱՅԱՊԵՏ.— (Աշխույժ) Լավ, լավ, դրա մասին հետո կխոսենք, պետք է փախչի։ (Մարթային) Իմ կինը մի շատ լավ մարդ է, գոհ կմնաք նրանից։ (Բռնում է Մարթայի թևից) Գնանք (Անտոնին) իսկ դու կեցիր, էլ չեմ խնդրում, դա քո ազատ կամքն է։ (Մարթային) Քիչ առաջ համառել էր, որ տեղիցը շարժվելու չէ։

ԱՆՏՈՆ.— (Կանգնում է նրանց առաջ) Քիչ առաջ․․․ Իսկ այժմ իմ սրտի ընտրյալը ինձ հետ է։ (Տխուր) Ա՜խ, Մարթա, պարտված պիտի փախչենք կռվի դաշտից։ (Մտախոհ) Դեռ մեծ բաց ունի լցնելու ռուս բանվորը իր անհերքելի հաղթանակի դրոշը պարզելու համար։

․․․Դեհ գնանք, մի մխիթարանք, որ տանից դուրս եկա մենակ, այժմ գնում եմ ընկերով՝ երկուսով․․․ ոչինչ։ (Սպառնում է քաղաքին) Ես գնում եմ ուժերս կռելու, կոփելու, ես գնում եմ թշնամիներիդ թիվը ստվարացնելու, արհամարհում եմ քո դավադիր ուժի ժամանակավոր հաղթանակը, ատում ծերացած-հնացած սրտիդ օրհասական քրքիջը․․․