Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
6

Փախա քեզանից, լացիր դառնագին ու կանչեցիր ինձ, սակայն տառապանքն ուժեղ էր քեզանից, իսկ ես անբաժան նրա հետ․․․ Ես քեզ համար լալով լացի, իմ հայրենի՛ք, ու սրտիս շարված կնճիռներին մեկի աչքը չէ հասել․ կարոտդ շղթայի պես կախվեց իմ թևերից ու ղողանջում է անդադար ու ճնշում է անդադար․․․

7

Շրջեցի մենակ, ուր որ գնացի, ցավդ տարա ինձ հետ, ստվերի նման ձգվեցի վրադ, որ խորշակը չայրե քեզ։ Ուզեցի միշտ կամար կապել ճակատիդ, արևից ճաճանչներ խլել, լույս ու ջերմություն տալ քեզ, ուզեցի բախտ մուրալ քեզ համար, որ ապրես ու ժպտաս, իմ հայրենի՛ք․․․

8

Ուր որ գնացի, տարա ես ինձ հետ խարույկը սիրույդ․ ու ոչ մի աշուն չմարեց նրան։ Ես քեզ երգեցի աղոթքների տեղ, քեզ պաշտեցի աստվածների փոխարեն։ Դու ես աղբյուրն իմ զորության, իմ հայրենի՛ք․․․

Ես քեզ երգելով կերգեմ, իմ հայրենի՛ք։ Ես քեզ սիրելով կարո՛ղ եմ ասել, իմ հայրենի՛ք․․․

9

Թող բախտը փշե պսակ դնե քո գլխին, իմ հայրենի՛ք, ես վարդերով կզարդարեմ այն։ Թող բախտը խափանի մրմունջներիդ մեղեդին, ես հզոր կղողանջեմ այն, չարի նահատա՜կ, իմ հայրենի՛ք․․․

1906 թ.

14. ՈԻՂԻՂ ՈԻՂԻՆ

Ամեն առավոտ նա գնում էր կայարանի այն մասը, ուր լիքը վագոններից դուրս էին թափում քաղաքի համար ստացված քարածուխը։

Մինչև ազդրերը խրված հոր՝ կարկատաններից ծանրացած կոշիկների մեջ, նրա հնամաշ բաճկոնը փաթաթած վտիտ մարմնի շուրջը, մեծ գդակը մինչև աչքերը քաշած, նա արագ թափահարում էր բաճկոնի երկար թևերի մեջ կորած ու սառած ձեռքերը, տրոփում կանգնած տեղը և ագահությամբ դիտում, թե ինչպես արագ լայն բահերը խրվում էին