Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քարածխի մեծ կույտի մեջ, վարժ վեր բարձրանում և ունուշ խշշալով քարածուխը թափվում էր սայլերի մեջ․․․

Իսկ երբ սայլապանները մտրակները օդում ճոճելով խրախուսում էին չարքաշ ձիերին իրենց հատուկ բացականչյունով ու ընկնում ճամփա, ցրտից փայտացած տղան որոշ հեռավորության վրա հարգանքով նայում էր եղյամի մեջ կորած ձիերին և ակնածությամբ հավաքում սայլից թափած քարածխի պաղ կտորները։

Չտեսնված սառնամանիք էր այդ ձմեռ, թանձրացած оդը դժվար էր շնչվում․ սառած գետնի վրա անիվները քսվում էին ճռռալով, ձիերը սայթաքում ու սայլից թափվող քարածխի կտորները սև կետերով նախշում ձյունածածկ փողոցի սպիտակ դեմքը։

— Աստված իմ, հոգյա՜կս, սիրելի՜ս, աշխատիր որ ձիերը հաճախ սայթաքեն, կամ թումբերի ու փոսերի հանդիպեն անիվները,— աղերսանքով մրմնջում էր տղան, գդակի տակից կապույտ աչքերը երկինք հառելով։

Այդպես միշտ գնում էր նա սայլերի հետևից, լուռ ու զգուշ, որ սայլապանը չնկատե, մինչև որ տոպրակը ծանրանում էր և քաղցն ու դուրսը զրկում էին նրան, տանջում և մի կերպ հրում դեպի տուն։ Լավ էր, երբ մի անգամ վառելու ածուխ հավաքված էր լինում։ Տղան հուզված, ատամները իրար ծեծելով տուն էր վազում և հետզհետե տաքացող հյուղում, վառարանի մոտ, մոր ու քույրերի սիրով տաքացած, ծամում էր եռանդով սև հացը տաք գետնախնձորի հետ։

— Աստված իմ, հոգյա՜կս, սիրելի՜ս,— աղերսում էր տղան վերոհիշյալ բացառիկ բախտավոր օրերի մտապատկերով թևավորված, երբ հանկարծ մի մեծ երկար կտոր քարածուխ ճոճաց, օրորվեց սայլի վրա և հանդարտ սողալով դեպի վայր, շուռ եկավ մյուս կողքին և ընկավ գետնին․․․

Կայծակի արագությամբ տղան վրա վազեց, գրկեց ծանր կտորը և իսկույն անհայտացավ մի ամիս առաջ կատարված հրեական ջարդի առիթով ավեր ու անմարդաբնակ հրեայի տան մեջ, մեծ դժվարությամբ պատսպարվեց հրդեհից սևացած աղյուսի կույտերի մեջ, հոգատար սիրով ածուխը փաթաթեր բաճկոնով, նստեց վրան, սրտատրոփ սպասեց իր անակնկալ բախտի վախճանին․․․

Ցուրտը փչում էր ավեր պատերից և բաց լուսամուտներից, կտուրից թափված թիթեղները դողում էին քամուց, խփվում քարերին և սարսափ բերում խեղճ տղայի վրա։

Սակայն նա անդադար շոշափում Էր իր տակի քարածխի կտորը, սառած մատներով գծում, բաժանում մի քանի օր վառվելու մասերի և մոռանում և՛ ցուրտ, և՛ քաղց, և՛ ահ․․․