Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
9

Հյուղը, որ բաղկացած էր մի փոքրիկ մուտքից և մի սենյակից, իր օրինակելի մաքրությամբ առաջինն էր թաղամասում։ Գիտցողը գիտեր, որ տատ Արինան կուչ է գալիս սև աշխատանքի դեմ, չգիտե որտեղից սկսել և ինչպես վերջացնել․ այդ պատճառով էլ կանայք հերթով, տարին երկու անգամ, աշնանն ու մեծ պասին, շտկում էին տատի հյուղը։ Մեկը ծեփում էր, մյուղը լեղակած կավճով սպիտակեցնում ներսից ու դրսից, դրսի պատերի վարի մասը ներկում դեղին կավով, հարմարեցնում պատի տակի հողաթումը, երրորդը իր տանը տնտեսած ներկով նաշխում ու թարմացնում էր դուռն ու պատուհանի փեղկերը։ Բանվորներից մեկն էլ կարկատում էր կտուրի փտած տախտակները, ամրացնում սարյակի ծռված բույնը։

― Տա՛տ, բունդ նորոգվեց․ անվախ ընդունիր ձմեռ պապին,― ասում էր բանվորը՝ դիմացի պատի տակից զննելով կտուրը։

― Դիմեմ, զավակս, դիմեմ,― ժպտում էր տատը, ծխի քուլաները խուլ հառաչի հետ առաքելով դեպի աշնան թուխպերը։

― Տա՛տ, բույնդ շտկեցինք, ուրախ սրտով դիմավորիր գարնան արևին,― ասում էին գարնանամուտին։

― Դիմեմ, հարազատ, դիմեմ․․․― պատասխանում էր տատը, նայում հողաթմբին ու մտքով սլանում հեռու, դեպի ապրած գարունները, ուր կյանքը պատրանք էր, երազները՝ խենթ-խելառ․․․

10

Առուտուրը վերջացնելուն պես տատը շուկա էր վազում օրվա պարենը հայթայթելու համար։

― Վաստակի կեսը պետք է ծախսել,― խոսում էր նա ինքն իր հետ, անհայտ գալիքի հարվածներ ստեղծելով իր երևակայության մեջ և կիսելով գրպանի փողը, մի մասը պինդ կապում էր թաշկինակի ծայրը և օձիքից ներս ձգում կրծքի վրա։ Սակայն մի քանի քայլ դեռ չարած՝ կանգ էր առնում խղճահարված։

Իսկ եթե հարցնե․― տատ, խնձոր չկա՞ր շուկայում։ Կամ,― տատ, երնեկ հարուստ լինեինք․․․

Կսկծից ինչ-որ փլչում էր տատի գթոտ սրտի խորքում. ինչ-որ շարվում կոկորդում, թրթռում ու աշխատում դուրս ժայթքե․․․

― Ո՛չ, ո՛չ, բոլորը կծախեմ․․․ բոլո՜րը․․․ Կեր, զավա՛կս, կուշտ ու գոհ ապրիր, հարազա՛տ․ թող քաղցը <չլլկե> անմեղ հոգիդ․․․ զրկանքը չկախվի ուսերիցդ․․․― Շշնջում էր տատը սաստիկ հուզված և դատարկ գրպանով և լիքը զամբյուղով տուն շտապում ինքն իրեն և ողջ աշխարհը ուրացած ու մոռացած․․․