Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր կյանքի դեմ, ու թոռին դեպի գործարան ճանապարհելուց հետո, կրկին պատկանում էր թաղամասին․․․

12

Տատ Արինան մի բնորոշ մոլություն ուներ դեպի ֆիզիկական հավաքական ուժը։ Հասարակական մի երթ, բանվորական մի ցույց մագնիսի նման դուրս էին քաշում նրան, և նա հուզմունքից հալչում, կորչում էր հոծ բազմության սերտ շարքերում․․․

Բանվորները գիտեին տատի թուլությունը և պատահած դեպքում խլում էին նրան առօրյա հոգսերից ու թևանցուկ չափում այն ուղին, որ ձգված է կամրջի պես աղջամուղջից մինչև այգ՝ տառապանքից մինչև նորոգ կյանք․․․

― Քո ի՞նչ գործն է խառնվել ցուցարարներին,― կշտամբում էր թոռը տատին, որ տուն էր դարձել տրորված ու քերծված արմունկով։

Տատին շփոթում էր թոռի միամիտ հարցը․ հիրավի ի՞նչ է օղակում նրան ամբոխի հետ․․․ Ու նրա մոլորված առանձնանում էր և երկյուղածությամբ թերթում իր կյանքի սև էջերը։ Հանդարտ քանդվում էր նրա հուշերի մեծ կծիկը և ապրած հեղհեղուկ մի կյանքի ամբողջ ծավալը բացվում էր նրա առաջ, թևավորում էր պատճառների պատճառը, որ անպատիժ այլանդակում է մարդու հոգու գեղեցիկների գերագույնը․․․

Տատ Արինան անիծում էր իր րոպեական թուլությունը և սաստիկ զայրացած դիմում թոռին․

― Ինպե՞ս թե «իմ ինչ գործն է», անմիտ աղջիկ, միևնույն վիշտն ու հույսը կապում է ինձ նրանց հետ․․․ Ես էլ, դու էլ և մեզ նման ամենքն էլ գնալու ենք նրանց հետևից, որ վերանա տառապանքի լուծը մեր ուսերից։

13

Հեղեղատն էր քանդել ձորակը, որով բարձրավանդակը իր բնակիչներով բաժանվել էր երկու թաղամասերի։ Հնուց ինչ-որ խուլ դժգոհություն կար այդ մասերի բնակիչների միջև և բանվորներից մեծ ջանք էր պահանջվում պահել խաղաղության ձիթենին այն բացառիկ դեպքերում, երբ համերաշխություն էր հարկավոր ընկերվարական գաղափարի տարածմանը նպաստելու կամ որևէ գործնական քայլ անելու՝ հօգուտ բանվորության։

Վերոհիշյալ դժգոհության արգասիքն էր այն բուռն ոգևորությունը, որ գերում էր փոքրին ու մեծին, ծերին ու ջահելին, երբ տոն կամ կիրակի օրերը տեղի էր ունենում մեծ համբավ ունեցող մուշտի-կռիվը կանաչազարդ ձորակում։