Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգնած ես, ուժ չունես մի նորն ստեղծելու պայքարին դիմանալու։ Եկ, լսիր ինձ․ ես քեզ հետ կլինեմ միշտ, կհսկեմ արթուն որպես մի Արգոս․․․

ՄԱՐԹԱ․— Ուժ չունեմ, հոգնած եմ։ Արդարև դիտողին այդպես է երևում։ Կարծում ես գուցե, որ ես կորցրե՞լ եմ ամենը, ինչ որ կար ինձանում արժանի մարդկային ու, ինչպես դուք ասում եք, «մի բարվոք կյանքի» չունիմ փափագ կամ կարոտ։ Թող լինի այդպես։ Ես ձեր «բարվոք կյանքին» չունեմ փափագ կամ կարոտ, այլ ձգտում եմ նրան, որ իմը, իմ անձնականն է լինելու, իմ եսը։ Բարօրության համար զոհ է հարկավոր, ողջակեզ, նահատակ, պատրաստ եմ, ուժ էլ ունեմ, կորով էլ, լսո՞ւմ ես, պրոլետար․․․ ասում են, որ մարդ աշխարհ է գալիս իր բաժին բեռով ու բախտով։ Առաջինը կրել եմ, իսկ երկրորդին դեռ չեմ հասած․․․ (Անտոնը լավ նայում է նրան) Իրավունք չունե՞մ հասնելու։

Լլկանքը, օղին, ծախված ժպիտն ու համբույրը այլևս նողկալի է ինձ համար։ Բավ է, զգում եմ, որ տանջվել եմ անմեղ, անարգվել իզուր։ Խոսի՛ր, պրոլետար, լսել եմ, որ շատ աղջիկների խորհրդատու ես, ինձ էլ սովորեցրու՝ ի՞նչ անել, ո՞ւր փախչել, ո՞ւր որոնել․․․

ԱՆՏՈՆ․— Այդ աղջիկները իմ ընկերներն են, Մարթա, դու իզուր ես խուսափում նրանցից։ Մոռացիր անցյալը, տուր կյանքիդ մի կանոնավոր ընթացք։ Այդ աղջիկները քեզ կօգնեն ինչով, ինչ կերպ որ կամենաս։ Իսկ քո փրկությունը լոկ մեզ հետ է․ այս մի մոռանար, երբե՛ք․․․

ՄԱՐԹԱ․— (Հեգնորեն) Մի՞թե․․․ Երևի ձեր անլեգալ թռուցկիները տարածելու համար գլխից ձեռք վերցրած մեկն է հարկավոր, կամ գուցե այսպիսի մի գլուխն ուսերից բաժանող գործ-հանձնարարողություն։ Ես գիտեմ, որ պատրաստվում եք․․․

ԱՆՏՈՆ․— (Խույս տալով շիտակ պատասխանից) Ինչեր ես մտածում։ Թե՛ ես, թե՛ նրանք ուզում ենք նպաստել քո անձնական բարելավությանը։

ՄԱՐԹԱ․— (Արհամարհանքով) Այսի՞նքն․․․

ԱՆՏՈՆ․— (Շփոթված նրա զննող հայացքից) Եթե․․․ եթե, դու, օրինակի համար, աշխատել ուզենաս, գործ գտնել․․․

ՄԱՐԹԱ․— (Կտրում է խոսքը) Իմ գործը ես եմ գտնում կամ հյուրանոցի սենեկապետը։

ԱՆՏՈՆ․— (Ավելի ևս շփոթ) Պաշտպանել քո իրավունքները․․․

ՄԱՐԹԱ․— (Նորից կտրում է խոսքը) Ես վաղուց է, որ ձեռք եմ բերել իմ իրավունքների օրինական փաստաթուղթը (Մնում է լուռ գլխիկոր, ապա կամաց, կարծես գերեզմանային ձայնով) Ինչպե՜ս աշխատում Էի չարժանանալ այդ պատվին․ ինչ հնարներ էի գործ դնում, չեղավ․․․ Ձմեռվա մի ցուրտ գիշեր էր․ մայրս հիվանդանոցում պառկած էր երկունքով, կենդանի մնացած վերջին քույրս խեղդվում էր բկացավից․․․ տանը ո՛չ վառելիք կար, ո՛չ հաց, ո՛չ լույս։ Մակարը հագուստ