Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Ծիծաղում են) ուզում էր ձեր գդալների վրա մրցել ձեզ հետ (Ընդհանուր ծիծաղ):

ՋԱՀԵԼ.— Զարմանալի կերպով այլասերվում է մարդկությունը: Երևակայեք մի 10-12 տարեկան տղա և այդ աստիճան բարոյական անկում։ Սոսկայի է պարոնայք, միանգամայն սոսկալի․․․

ՀԱՍՏ ԿԻՆ.— Սպասեցեք, մի նման դեպք պատմեմ։ Թաթախման երեկոյին աղջիկս տոնածառ էր սարքել: Հրավիրված էին շատ երեխաներ։ Երբ մեծերը սեղան նստեցին, փեսաս, այդ միլիոնատեր դեմոկրատը (ծիծաղում են) դեհ, գիտեք․․․ Հա, նա հրամայեց սպասավորող լակեյին, որ դուրս գա փողոց և պատահած աղքատ կնոջ, տղամարդու, նամանավանդ երեխայի գլխավոր մուտքից պատշաճավոր ներս ընդունե և բերի հյուրերի մոտ։ Շատերը այդ քմահաճույքը խիստ սրամիտ գտան, շատերը բողոքեցին, որ երեխաները կարող են վարակվել։ Վերջապես, վճռեցինք բակում, դռնապանի հսկողության տակ մի լավ սեղան սարքել, որ մտնողը ուտե, նվերն ստանա և հեռանա։ Այսպես էլ արին։ Իհարկե, փեսայիս առաջարկը իզուր չանցավ. տոն իրիկունով փողոցում ինչն է շատ, եթե ոչ աներես աղքատները, այդպես հերթով մտնում են, ուտում ու հեռանում։ Ի միջի այլոց լինում է մի փոքրիկ, 8-9 տարեկան, ցրտից կապտած, ցնցոտիներ ծածկած, կերակրում են։ Այդ ժամանակ լակեյն ու դռնապանը զբաղված են լինում ակումբից վերադարձող հյուրերին ընդունելով ու մոռանում են աղջկան տուն ուղարկելու: Քիչ չանցած աղմուկ է բարձրանում և ինչ, աղջիկը մտել է մուշտակների տակ և գրպաններն է խառնում։ Երբ դռնապանը նկատում է այդ, վրա է վազում, աղջիկը երանելի ժպիտը երեսին ասում է.— «Քեռի, տես, ես մի սիրունիկ փիսիկ ունեի, ցրտից փայտացել էր երեկ գիշեր ու մեռավ այդպես, տես, սրանք իսկ և իսկ իմ փիսիկի նման են, փափլիկ»,— աղջիկը ցույց է տվել հյուրերից մեկի մուշտակի մորթյա աստառը։ Տեսնո՞ւմ եք, դռնապանը ասում էր, որ նույնիսկ լաց էր լինում, երեսը քսում մուշտակին․․․

ՕՐԻՈՐԴ.— Խեղճ աղջիկ, բան չէ՞ր վերցրել:

ՀԱՍՏ ԿԻՆ.— Ո՛չ, գրպանին երևի չէր հասել. կամ թե շուտ էր բռնվել՝ թողել էր։

ՕՐԻՈՐԴ.— Ի՞նչ արիք նրան։

ՀԱՍՏ ԿԻՆ.— Է՛հ, ոչինչ, անհարմար ժամանակ էր, նվերները ետ առանք ու ճանապարհ դրինք։

ՋԱՀԵԼ.— Իսկ կերա՞ծը․․․ (Ընդհանուր ծիծաղ, նորից ներս են գնում, լսվում է ծիծաղ, աղմկալից խոսակցություն):

ՕՐԻՈՐԴ.— (Մենակ, մտատանջ) Գուցե իրավ, սիրում էր այդ տղան նվագածությունը․․․ ով է իմանում, գուցե մի Գորկի, Շալյապին․․․