Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԱՆՏԵՐ․— (Ինքն իրեն զսպելով ինչ-որ գրում է այցետոմսի վրա․ ծերուկին) Գնա՛ քաղաքամաս, այս տար․․․ (Թաշկինակով սրբում է քրտինքը, անհայտանում պարտեզում

ԾԵՐՈՒԿ․— (Բռնում է Մարթայի թևից) Գնանք աղջիկս․․․ քո եղբայրն անմեղ է, նա կպավ սեղանին, գդալները վար թափվեցին։ Գնանք, մի հուսահատվի (Նայում է Մարթային և թևով աչքերն է սրբում, հետո քիթը

ՄԱՐԹԱ․— (Չհասկանալով) Ո՞ւր գնանք։

ԾԵՐՈՒԿ․— (Կարեկից) Գնանք եղբորդ մոտ, միամիտ կաց, կարձակեն․․․

ՄԱՐԹԱ․— (Ցասկոտ) Դեռ երկար պիտ շրջեմ ես մենակ ու լքված, անպարունակ մի պարկ․․․ հոգիս մորմոքում է կսկծից․ ինչո՞ւ ինձ վիճակվեց միշտ կորցնելը, մինչդեռ կյանքը այսպես հաջող (Ցույց է տալիս տունը) դասավորվում է միշտ խլողի, ոճրագործի համար․ է՛հ, գնանք, պապիկ, գնանք․․․

ԾԵՐՈՒԿ․— (Զայրացած) Թքիր նրանց վրա, աղջիկս, մարդիկ եղբայրներ են։ (Ինքն իրեն) Թու, սատանի ճուտ, այդպես չէր։ (Բարձր) Աստված մարդկանց հավասար է ստեղծել, ծառա ու տեր չպիտի լինի․․․ (Գնում են)։

Դ․ ԱՐԱՐ

Բ․ Արարվածի սենյակը քիչ բարեփոխված, աթոռների վրա, դես ու դեն թափթփված կար ու կտոր, երեք ջահել աղջիկներ կար են անում։ Աննան խիստ փոխված, ավելի ևս տժգույն, կասես ծերացած աշխատում է վառարանի մոտ։ Մարթան մի անկյունում առանձնացած ձեռքով ինչ-որ կարում է։ Առաջին գործողությունից մինչև այժմ անցել է 9 ամիս։ Վարագույրը բացվելուն պես շարունակվում է երգը․ երգում են առաջին և երկրորդ դերձակուհին, ժողովրդական երգի եղանակով։

ԴԵՐՁԱԿՈՒՀԻՆԵՐ․—

Մենք դեռ ջահել, բախտ չտեսած՝
Երկարում ենք օրը կարով,
Որ վաստակենք մի կտոր հաց,
Չթառամենք քաղցի ահով։

Սիրո խինդը մեզ համար չէ,
Մեզ համար չէ երգն ու ծիծաղ․
Պտտիր, անիվ, մի հառաչի,
Հաց չի տալիս կարը դանդաղ․․․