Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անպատմելի կարոտ ու զուսպ արտասուք) Ես այդ գիտեմ, քեզնից սովորեցի ու կռվում եմ ահա․․․

ԱՆՏՈՆ.— (Սիրով) Ո՞ւմ, որի՞ դեմ:

ՄԱՐԹԱ.— Նախ ինքս ինձ հետ, և ապա դրա (Ցույց է տալիս մորը) դեհ, նստիր, կեր։ Ինչո՞ւ ուշացար։ (Աննկատելի հանդիմանանքով) Մի շաբաթ է անկանոն կյանք ես վարում, գիշերն էլ տանը չէիր․․․

ԱՆՏՈՆ.— (Ուտում է անուշադիր) Առաջինի հետ լավ ես անում. կռվիր, ջախջախիր նրա համառությունը, իսկ նրան (Ցույց է տալիս Աննային) թող հանգիստ, մեղք է․․․ տեսա՞ր անցյալ երեկո ինչեր էր ասում. մի ցնորված բանվորուհի, որ ապտակում ու թքում էր այն այլանդակությունների երեսին, որին մենք առայժմ ստիպված ենք կյանք անվանելու․․․ (Գդալը վար է դնում և ցավակցորեն դիտում է Աննային):

ՄԱՐԹԱ.— (Դժկամ) Ի՞նչ օգուտ․․․

ԱՆՏՈՆ.— (Զայրացած) Ամեն անգամ, երբ ինձ հուզում, զբաղեցնում է մի երևույթ, դեպք, դու քո հարցերով կարծես սառը ջուր ես ածում ինձ վրա։ (Մտածկոտ) Իսկ ինչե՜ր կարող էիր դու տալ ինձ․․․ (Հանկարծ նկատելով դերձակուհիների բացակայությունը) Ո՞ւր են աղջիկները․․․

ՄԱՐԹԱ.— (Հեգնանքով) Գնացին քո ճանապարհով։

ԱՆՏՈՆ.— (Վեր է ցատկում): Մի՞թե, գործադո՞ւլ հայտարարեցին (Նրա ուրախ բարձր ծիծաղը աղմկում է սենյակը) Կեցցեն, բրավո․․․ հա՛, հա՛, հա՛ (Մարթային նմանվելով նստում է սեղանի մոտ և ձեռքը հենելով երեսին, նուրբ ձայնով) Իսկ ինչպե՞ս է զգում իրեն մեր «գործարանատիրուհին» (Ծիծաղում է):

ՄԱՐԹԱ.— (Սառը) Առանձին ոչինչ. կգան ուրիշները, ասա ի՞նչ է պատահել, քիչ մնաց ապակիները փշրեին։ Մի խլնքոտ աղջիկ էլ ասաց, որ «ընդհանուր գործադուլը սկսվել է»․․․ ճի՞շտ է․․․

ԱՆՏՈՆ.— (Քրքրում է կիսատ թողած կարերը, նայում է մեքենաներին, ժպտում է ու հրճվում) Միասի՞ն գնացին։

ՄԱՐԹԱ.— (Անտարբեր) Միասին։

ԱՆՏՈՆ.— (Չի կարողանում զսպել իրեն, ծիծաղում է) Դեհ, մի պատմիր մանրամասնորեն։

ՄԱՐԹԱ.— (Բարկացած) Սկզբից ինչ-որ ավագ դերձակուհու կողմից մի փոքրիկ աղջիկ էր ուղարկված. նա դեռ չէր վերջացրել, երբ եկան մի խումբ աղջիկներ դռան առաջ աղմկեցին, սպառնացին բռունցքներով, մեկն էլ գլուխը օդանցքից ներս մտցրեց ասաց իր ասելիքը և վերջացավ․․․ դու ոչինչ չկերար, նստիր, կեր․․․

ԱՆՏՈՆ.— (Զգացված նրա հոգատարությունից, նորից նստում է ուտելու և դարձյալ ծիծաղում է) Անգութ աղջիկներ․․․ երեքն էլ միասին գոնե մեկը գթար․․․