Jump to content

Էջ:Shushanik Kurghinyan's Collection works.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թող ինձ․․․ հեռացիր՝ չարատավորեմ միտքդ ու հոգիդ, ես էլ ուզում եմ լինել անկախ, ազատ։ Տե՛ս, մի ժամ առաջ կարում էին՝ մտքով ու հոգով գերի չոր հացին, տրտնջում էին, երգում ու բողոքում։ Դեռ ճաշած էլ չէին, բայց ինչ-որ պատահեց հանկարծ, թևավորվեցին ու թռան աչքիս առաջից։ (Լալիս է) Ո՞ւր թռան, չգիտեմ․․․ Այժմ նրանք, ես գիտեմ, արհամարհում են քաղցը, սառնամանիքը, հպարտ ու երջանիկ են, գոհ են։ Իսկ ես․․․ ինձ դեռ չէ վիճակվել մի այդպիսի թռիչք․․․

ԱՆՏՈՆ.— (Բուռն սիրով չոքում է նրա առաջ, համբուրում ձեռքերը, փայփայում) Թող․․․ ես քեզ մոռանալ կտամ քո ցավատանջ անցյալը, կթեթևացնեմ բեռը, քո վրեժը ես կհանեմ կյանքից (Ցասկոտ) Իսկ մի նորոգ կյանք ստեղծելու համար եկ մեզ մոտ։ (Բաց է անում թևերը) Եկ. իմ սիրած կինը ինձ հետ պիտի լինի, իմ ճամփին կանգնած, իմ ուսին հենված․․․ (Սպասում է թևերը տարածած):

ԱՆՆԱ.— (Ծիծաղում է և խոսում կարծես իրեն երևացող մեկի հետ) Տեսնո՞ւմ ես, խի՛, խի՛, խի՛, հիմա գործադուլը կսկսվի․․․ բանվորները պիտի խոսեն երկար, կատաղի, նրանք այժմ համառ են, հանդուգն ու անվախ, գրել կարդալ գիտեն․․․

ԱՆՏՈՆ.— (Սաստիկ հուզմունքից խռպոտած ձայնով) Եկ գնանք, մտիր մեր հաղթական շարքերը, միայն մի ուղի կա դեպի բարվոք կյանք՝ մե՛ր ուղին է դա։ Միայն մի կռիվ կա հաղթող ու արդար մե՛ր կռիվն է դա։ Ե՛կ, գնանք, սիրելի Մարթա։ (Անժամանակ շչակների ուժգին սուլոցով աղմկվում է փողոցը. Անտոնը վեր է թռչում տեղից) Կատարվե՜ց․․․ (Բարձրացնում է Մարթային, տանում դեպի լուսամուտը) լսո՞ւմ ես, (Հազիվ կարողանում է խոսել) ես անդուլ պայքարի, հեղեղուկ ապրումների ենթակա մի զինվոր եմ, կուզեի մի հանգրվան ունենալ ու քեզ այնտեղ՝ դշխուհի։ Կարծում էի, թե կուսակցական գործը լիովին կլանել էր սիրտս ու հոգիս, բաց տեղ չէր մնացել։ Սխալվեցի. մեծ բացը ազատ էր մինչ այժմ, քաջի նման գրավիր այդ բացը, ապրենք, կռվենք միասին, ինչ կերպ, որտեղ որ կամենաս․․․

ՄԱՐԹԱ.— (Կարծես քնից արթնանալով) Քո կի՞նը լինել․․․

ԱՆՏՈՆ.— (Աղերսանքով) Այո՛, այո՛․․․

ՄԱՐԹԱ.— (Հուզված) Ես ատել եմ բոլոր նրանց, որոնց կինը լինել ինձ վիճակվել է օրով, թե ժամով․․․

ԱՆՏՈՆ.— (Գոռում է) Մարթա՛․․․

ՄԱՐԹԱ.— …Եվ արհամարհել բոլոր նրանց, որոնք երբևիցե ապավինել են իմ գթությանն ու խնամքին․․․

ԱՆՏՈՆ.— (Ցավից ինքնիրեն կորցրած) Մարթա՛․․․ Խնայիր (Մնում է քարացած):

ՄԱՐԹԱ.— (Մեծ դժվարությամբ) Իսկ քեզ (Դիտում է նրան