ԲԱՆՎՈՐ.-Եվ դու, իհարկե, բռնվեցիր։
ԾԵՐՈՒԿ.— (Նենգ ժպիտով) Չէ, տեսնեմ նա իր կապոցից վիրակապեր է հանում։ Ես իսկույն հայտնեցի, որ վիրավոր չեմ, այլ լավ ծեծված։ Մի կերպ դուրս եմ սողում վագոնի տակից և նայում ենք մրմյանց: Բանից դուրս է գալիս, որ մենք հին ծանոթներ ենք. ես՝ մահակը ձեռիս, նա՝ գթության քրոջ կարմիր խաչը կրծքին:
ԲԱՆՎՈՐ.— Հետո՞․․․
ԾԵՐՈՒԿ.— (Դժկամ) Էլ ի՞նչ հետո, վերջացավ․․․
ՄՅՈՒՍ ԲԱՆՎՈՐԸ.— Ինչպե՞ս թե վերջացավ, աղջիկները ո՞ւր գնացին։
ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆՎՈՐ.— (Հեգնանքով) Տուն փախան։
ԾԵՐՈՒԿ.— Տարա ընկերների մոտ։
ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ.— (Մտատանջ) Քանի՞ հոգի էին։
ԾԵՐՈՒԿ.— (Բարկացած) Թու, սատանի ճուտ, ասացի, թե երեք։ Չորս են եղել, մեկը ճանապարհին ընկել է կազակների գնդակից ու իսկույն մեռել։ Մեկն էլ սաստիկ դողում էր ու հազում, նրան պառկեցրին հիվանդանոցում, իսկ մնացած երկուսը աշխատում են իրար հետ․․․
ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆՎՈՐ.— Իսկապես մենք մինչ այժմ չենք ճանաչել մեր աղջիկներին։ Ինչ պարծանք, որ ընդհանուր բողոքի ու կռվի պահին նրանք աջակցում են մեզ, ձեռք են մեկնում օգնության։ Եթե նրանց կատարածը մի գդալ ջուր է ծովի մեջ, սակայն որքան մեծ է նրանց տված ոգևորությունն ու խրախուսանքը։ Մեր ընկերները, շատ շատերին գիտեմ, որոնք ետ են դառել կիսաճանապարհ, ընկճվել ու մոռացել են անասելի զրկանքներով ձեռք բերած գիտակցության փշրանքները՝ իրենց տգետ մոր անեծքի, լացի, կնոջ անզգամ ու սպառնալից ճիչերի տակ։ Ճիշտ է, ես․․․ (Լսում է հրացանաձգության տարափ, ամենքը վեր են կենում, զենքերը պատրաստելով):
ԱՆՏՈՆ.— (Իջնում է բլրակից մի բանվորի հետ, գլխիկոր ու տրտում) Ասում ես, ոչ մի լուր չբերի՞ր․․․
ԲԱՆՎՈՐ.— Այո՛, առաջին անգամ ցնորված մայրն ասաց, որ գնացել է եղբոր՝ Մակարին բերելու քաղաքամասից, սաստիկ խմած էր։ Երկրորդ անգամ տանը ոչ ոք չկար, հարևաններն ասացին, որ աղջիկը գնացել է ընկերուհիների հետ քաղաք․․․
ԱՆՏՈՆ.— (Շփոթված) Քաղա՞ք ես ասում․․․
ԲԱՆՎՈՐ.— Այո՛, ասացին, որ նա արդեն հայտնի․․․
ԱՆՏՈՆ.— (Գունաթափ) Լավ․․․ Իսկ այսօ՞ր։
ԲԱՆՎՈՐ.— Այսօր էլ, որ գնացի, տունը ծխում էր, պատերն էին մնացել, (Անտոնը ցնցվում է) ասացին, որ մորը ազգականներից մեկը տարել է իր մոտ, իսկ աղջիկը մինչև օրս չկա՜ ու չկա՜․․․