ԱՆՏՈՆ.— (Հազիվ լսելի) Շնորհակալ եմ․․․ այլևս ոչինչ հարկավոր չէ․․․ գնա ճաշիր (Հանում է ժամացույցը) արդեն 12-ն է։ (Մյուսներին) Ընկերնե՛ր, գնացեք ճաշելու, ես կմնամ այստեղ։ (Բանվորները գնում են, նկատելով ծերին, որ ուղղում է գուրգուրանքով բարիկադին մեկնած կարմիր դրոշն ու ապա տեղավորվում նրա մոտ) Գնա, ծերուկ, դու էլ տաքացիր, կշտացիր, ժամանակ է․․․ (Հենվում է բարիկադին):
ԾԵՐՈՒԿ.— (Գոհ, ուրախ) Ես տաքացել, կշտացել եմ․․․ ԱՆՏՈՆ.— Մի՞թե, այս ճգնաժամին․․․ (Բռնում է գլուխը) Ո՛չ, ո՛չ, անկարելի է, ես սեղանի վրա փող էի դրել, կարիք չզգա․․․ գուցե․․․ Ա՛խ, Մարթա, Մարթա․․․ (Լալիս է շնչախեղդ):
ԾԵՐՈՒԿ.— (Կարեկից) Դժբախտությո՞ւն է պատահել տանը։
ԱՆՏՈՆ.— (Ինքն իրեն) Ասաց.— «Գնա, կսպասեմ քեզ․․․»։— Գնացի ես. ո՛չ, ո՛չ․․․ թևեր առած թռա․․․ ոտքերիս տակ հող չէի զգում և օդի տեղ ագահ ներշնչում, կորով ու եռանդ, ու մի ծանր ու մրոտ մուրճի տեղ կենդանի խոսքով հարվածում էի հնի, բռնության և չարի գլխին. իմ ձայնը երբեք չնվաղեց, չհատնեց խոսքերիս պաշարը, բանվոր բազմության ճոճող գլուխների ծովը արբեցրել էր ինձ, միտքը, որ կարոտով ու փափագով լսում են ինձ, հասկանում, տենչանքներով ձուլվում, միանում են ինձ հետ։ Վեր ու վեհ էր ու այսպես մի շաբաթ միտինգից՝ միտինգ, դիրքից՝ դիրք, բարիկադից՝ բարիկադ, անքուն, անհանգիստ սպասում եմ ողջունելու արշալույսի ղողանջներին, Մարթա, քո սերն ու ժպիտը կրծքիս՝ ի՞նչ արիր դու․․․ ո՞ւր ես դու․․․ ահ․․․ (Գնդակը սուրալով անցնում է նրա մոտից):
ԾԵՐՈՒԿ.— (Սարսափահար) Դե՛հ, քիչ կռացիր, արձակում են անիրավները, կվիրավորվես։
ԱՆՏՈՆ.— (Սթափվելով հրում է ծերին) Հեռու, ես վիրավոր եմ արդեն վաղուց։
ԾԵՐՈՒԿ.— (Ժպտում է) Այսպիսի կտրիճին ո՞վ կարող է վիրավորել:
ԱՆՏՈՆ.— (Ցասկոտ) Մի անգութ, անսիրտ աղջիկ․․․
ԾԵՐՈՒԿ.— (Ծիծաղում է) Իսկ ինձ հետ ընդհակառակն է պատահել։
ԱՆՏՈՆ.— (Ծխում է) Ինչպե՞ս։
ԾԵՐՈՒԿ.— (Հլու) Նստիր, կպատմեմ։
ԱՆՏՈՆ.— (Հպարտ) Այստեղ վախկոտներն են նստում։
ԾԵՐՈՒԿ.— (Ներողամիտ ժպտով) Ես քեզնից պակաս անվախը չէի, բայց պառկա և չզղջացի, հավատա։
ԱՆՏՈՆ.— (Վրդովված) Ծերուկ, հանաքի անհարմար ժամանակ է, լավ կանես եթե մի տաք անկյուն որոնես ու քնես։
ԾԵՐՈՒԿ.— (Համառ) Ինձ պատվիրել են, «արթուն կենալ»։