Էջ:Siamanto, Daniel Varujan, Collected Works (Սիամանթո, Դանիել Վարուժան, Երկեր).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


* * *


Բոլոր մեր ցավը ու բոլոր քայքայումը մեր սև օրերուն
Ձեր ներսիդին մոլեգնաբար տառապելեն...
Ու ձեր նայվածքին ու հավատքին փայլակները գերբնական,
Ազատության նորածին որբի մեր խեղճ աչքերը լուսավորելեն՝
Հոս, մեր ամենուն հոգիին մեջ, ձեր պատգամները քանդակեցին...։

«Անձնուրացումի ու ադամանդե փառքի այդ օրերեն ի վեր,
Սա չորս կողմի լեռնաշղթաները բոլոր,
Իրենց ճակատներուն վրա քանդվող մրրիկներուն պես,
Ձեր անունները սարսափագին՝
Դողահար կողերուն խորը կապրին...
․․․․․․․․․․․․․․․․
․․․․․․․․․․․․․․․․
Դուք էիք որ կործանումի ու փրկության երկաթե ժամերուն
Շղթայազերծումներու ահազանգերը հնչեցուցիք
Պատնեշներեն պատնեշներն ու, ահեղապես, աշտարակնե աշտարակ,
Ու բանտերեն, բերդերեն, ու թիարաններեն անգին
Դեպի քաղաքները Ստրկության...
«Ու երբ, գիշեր մը, անձնազոհումներու եղերական ժամը վրանիդ

ինկավ
,


Դո′ւք, ազատության ճանապարհները մեզի համար հարթելե հետո,
Ձեր ձեռվըներով, ավա՜զ, մեր անկարեկիր նայվածքներուն դիմաց՝
Ձեր վաղվան խարույկները պատրաստեցիք...

«Ուրեմն փա՜ռք, և օրհնությո՜ւն ձեզի,
Դուք մեր Կուռքերը մարմարեղեն ու մեր Սուրբերը պայծառ,
Դո′ւք՝ Հսկանե՜րը, դո′ւք՝ Առաքյալնե′րը, դո′ւք՝ Ահավորնե՜րդ

բոլոր,


Փա՜ռք և օրհնությո՜ւն ձեզի.
Հոս, ձեր հոգին առջևը ծնրադիր ու աչքերնիս աղոթքով լեցուն,
Ձեր պատանքները մտքերնուս մեջ երկյուղածորեն քակելեն՝
Թույլ տվե՜ք որ՝ մեր բերանները ձեր դյուցազնի գանգերուն՝
Ընդունինք ձեր կմախքները մեր ուխտվածի իրաններուն վրա,
Ու ձեզի խնկե՜նք աչվնուս մեջի Վրեժեն սառած արյունը Ցավին,
Որպեսզի երբ համառորեն շարունակենք հառաջանալ,
Ձեր մահերուն հաճախանքն ա′լ չի կառչի մեր քայլերուն...
«Փա՛ռք և օրհնությո՛ւն ձեզի, նորեն ու նորեն,