Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Չունիմ վարժապետ, չունիմ ազգասեր».—
Ո՜վ իմ սիրելիք, դատարկ չեն խոսքեր։

65 Հայ վարժապետներ խելոք են միայն,
Որ Սաղմոս, Նարեկ սերտել են բերան,
Որ գիտեն Չամշյան քերականություն
Եվ ափեղ-ցփեղ ճարտասանություն։

Որ աշակերտի գիտեն կամք ճնշել,
70 Նորա մատաղ կյանքն անապատ դարձնել,
Եվ թե այդ խեղճը օգնություն կանչեր,
Ապտակ, փալախա և գա՜ն հարկանել։

Ձա՜յն տուր, պեդագոգ, թե կենդանի ես,
Ընդդեմ չարության զրահավորվի՛ր.
75 Մարդկության որդիքն, տե՛ս անասնի պես
Բեռնավորված են լծով մահակիր։

Հայ վարժապետներ խելոք են միայն,
Որ խիստ դահիճ են դասատվության,
Որ շատ են ապրել երկրիս երեսին
80 Եվ դորա համար մեծ հարգանք ունին.

Որ ծերությունը հիվանդոտ գունով
Խլել է վերջին գոյության նշան,
Եվ հոգաբարձու հայրական ձայնով
Կանչում է դոցա փոսը հանգստյան։

85 Ինձ դուք ասացե՜ք, որքա՞ն դոցա մեջ
Ծաղկած է հոգին դաստիարակչության.
Չգիտեն ուսման դեռ այբ, բեն, դա, եչ.
Եվ ահա՛ աթոռ վարժապետության։

Որքա՞ն հայ զավակն ուսումնարանից
90 Կարող է քաղել կրոն և հոգի։