Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ քարանձավից արծիվ մենավոր,
Թևերը լայնած, գիտե սավառնել
Այնքա՜ն անթափանց և այնքա՜ն հզոր,
260 Մինչև հետամուխ աչքերից կորչել։

Ո՜վ արծի՜վ, արծի՜վ, քանի օդապար
Վերացել ես դու կապուտակ սահման.
Ա՜խ, եթե Հայի դրոշը բարձրանար
Անարգ կապանքից մինչ ա՛յդ աստիճան...

265 Ա՜խ, եթե Հայի ուսերը ճեղքեր
Ոխերիմ լուծը յուր բռնավորի,
Որպես ճեղքում ես դու արձակ եթեր,
Շքեղ կազմությամբ կարո՜ղ թևերի։

Ի՜նչ գեղեցկությամբ փռվում են դաշտեր
270 Հայացքի առջև նորատես մարդի,
Ոսկի հոսանքով գույն-գույն ծաղիկներ
Ճոճվում են, որպես խաղացքն առվակի։

Բայց, ափսո՜ս, ինչպես շտապ քայլերով
Ճանապարհորդը ոտքը է կոխում,
275 Նա սկսում է անիծեչ հոգով
Այն, ինչ առաջուց դրախտ էր թըվում։

Տեղ-տեղ պղծած է ավազակների
Գազանաբարո ավերածներից.
Աչքերդ լցվում են արյունով ցավի,
280 Խոր արձակում ես հոգոց ու կսկիծ։

Անպիտա՜ն ցեղեր, արժանի եք դուք
Վայելել բարիքն այդ պերճ երկրի.
Քանի՞ թափել է ձեր վայրագ բազուկ
Անմեղ արյունը խեղճ անցավորի։