Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լռեցավ քնարն, արտասանելով
370 Մտառությունքը այս նշանավոր։
Կանգնած է Լևոն, ցավից խեղդվելով
Բացականչում է նա կասկածավոր.

«Գիտե՞ք, բարեկա՞մք, ի՞նչ զգաց հոգիս.
Բայց ինչո՞ւ խնձորն երկպառակության
375 Ձգեմ անվրդով ձեր կյանքի շրջան.
Ա՜խ, դուք չեք կարող օգնել ցավերիս։

Նիրհեցեք անո՜ւյշ, թո՞ղ թևատարած
Հսկեն ձեր վերա անմեղ հրեշտակներ.
Կանխակա՜լ կարծիք, անլույս թանձրացած
380 Խավարում շրջող մահաթո՛ւյն դևեր։

Ծանր ընկան վերաս անգութ շղթաներ,
Եվ այն ժամանակ ես ստուգեցի,
Քանի՞ խավարեն հայրենի աստղեր,
Խավա՜ր է սիրտն հայրենասիրի։

385 Եվ չըշնչել օդ սարերի ազատ,
Նույն է, թե չկա և երանություն.
Եվ չարբել հոսանք կյանքի հարազատ,
Հիվա՜նդ է, հիվա՞նդ և մահկանացուն։

Եվ երբ գիտության կըփայլի դրոշակ
390 Իմ անբախտ եղբոր՝ հայի ճակատին,
Ես այն ժամանա՞կ, ես այն ժամանա՜կ
Կըտեսանեմ կյանք իմ ազգի ծոցին»։ —

Ասաց այս Լևոն. աչքերը ձգեց
Դեպի արևելք, մի խոր ա՜խ քաշեց.
395 Այն կայծակնահար վերքի նշան էր,
Որ դեպ Հայաստան նորան գրավում էր։