Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կախված է գոհարն՝ ողկույզ խաղողի,
Ծորում է հյութը սաթի շիթերով,
Եվ սիրուն թռչնակ մի գաղտագողի
Հյուսում է բույնը այստեղ մեծ հոգսով։

45 Փայլում է դեղին-կարմրագեղ ծիրան՝
Քողարկված կանալ թփերի հովով,
Լցվա՜ծ է այստեղ ներդաշնակության
Նոր այգ ավետող կաքավի երգով։

Վառվում է չըքնաղ, ոսկեփայլ նուռը,
50 Որի նեկտարով արձակվում է լայն
Թաթար խաների դրախտի դուռը,
Երբ անույշ բուրմամբ ծխվում է կալիան։

Հոյակա՜պ աշխարհ. այստեղ վառ սալոր,
Այնտեղ սերկևիլ խոնարհած երկիր,
55 Տերևի տակից ժպտում է խնձոր,
Մի թուշը ոսկի, մյուսը կարմիր։

Ես երգ եմ երգում, գոհ է իմ հոգին.
Մեղմ խոխոջում են անհոգ առուներ։
Ինձ նկարում է նոցա ապակին
60 Վառ այգեստանի քաջառողջ բերքեր։

Ե՛վ ճեղքված դուդման, և՛ շամամ նարինջ
Ե՛վ ոսկի փշատ, և՛ դեղձը թուրինջ,
Ե՛վ ելեկտրոն՝ մեղրը քիշմիշի,
Ե՛վ խոշոր հակինթ՝ քաղցր հաչաբաշի:

65 Հեռու է մահը, ես կյա՜նք եմ շնչում։
Շարժվում են վարդեր կանաչ ոստերով,
Ե՛վ հոտ են բուրում, և՛ խունկ են ծխում՝
Չքնաղ տեսարան ինձ ընծայելով։