Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/166

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թո՛ղ թափվին անպարտ արյան առուներ.
180 Դա անմա՛հ գործի է ավետավոր։

Բայց, ո՞վ Ասիա, ի՞նչ է քո համար
Այս ազատության կենդանի քարոզ.
Մեռած եք ազգեր, և ձեզ բռնաբար
Հարստահարում է թշնամին գոռոզ։

185 Այս վիճակի մեջ է այժմ Հայաստան,
Այսպես տեսնում է ցանկալի աշխարհ
Ձեզ ծանոթ Լևոն։ Նա թափառական
Ուղղում է այս դեհ, այն դեհ ճանապարհ։

Վաստակած է նա, քրտինք երեսին.
190 Ո՜հ, ի՞նչ քրտինք առանց ջերմության.
Դարձնում է երեսն անբախտ աշխարհին,
Թափում է առատ ծով կարեկցության։

«Գեղեցիկ աշխարհ, դու Հայո՞ց աշխարհ՝
Լըցված, ողողած, դառն արտասուքով,
195 Որքա՛ն խեղճ ես դու, և որքա՛ն թշվառ
Արյունաշաղախ տեսարաններով։

Ողջույն եմ բերել քեզ ես Հյուսիսից,
Գուցե, ո՛չ առանց դառն արտասուքի,
Թո՛ւյլ տուր, ո՛վ մայր իմ, հարազատ, հողից
200 Օծանեմ մարմինս՝ հարությո՜ւն առնի։

Քո մեջ ծաղկում է լիության պսակ,
Բոլորն պարգևել է քեզ բնություն.
Բայց, ո՜վ քաղցրաշունչ Հայաստան հոգյակ,-
Ինչո՞ւ Հյուսիսի չունիս կրթություն։

205 Ինչո՞ւ քո որդիք, այնքան կամակոր,
Գրկել են խավար, որ կորուստ ունի,