Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՇՏԱՐԱԿ


Գեղեցկանիստ է Աշտարակ,
       Շատ այգիներ նա ունի,
Այնտեղ երկինքն է կապուտակ,
       Այնտեղ օդն է քաղցրալի։

5 Մեծ, ընդարձակ, կանաչ դաշտեր
       Լի են ծաղկով քաղցրահոտ.
Մարդահասակ, խնկանըվեր
       Բարձրանում է այնտեղ խոտ։

Այդ սիրուն գյուղն ունի մի գետ,
       10 Եվ այն լի է ձկներով.
Այնտեղ Իշխան և Կարմրախետ
       Խա՜ղ են կապում խայտալով։

Եվ հարազատ այգիներից
       Տարածվում է քաղցրություն,
15 Եվ Քասախը ուրախալից
       Բերում է ձեզ յուր ողջույն։

Բայց այդ բոլորն ստրկության
       Կաշկանդած է կապանքով.
Ժողովուրդը թշվառական
       20 Խեղդված է մեծ խավարով։