Էջ:Smbat Shahaziz, Chaphatso yerker.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԴԱՄԲԱՆԻՆ


(Նվեր Մ. Սադաթյանցի հիշատակին)


Ահա արևմուտք և օրհասական,
Որպես գիշերվա թանձրամած խավար,
Վրա տվին ինձ. մահիճս իմ կալան.
Ոչ մի հույս չմնաց նոր կյանքի համար։
5 Կյա՛նք, անույշ երազ մատաղ օրերիս,
Սիրուն ցնորքիդ անցավ ելևէջ.
Եվ վերջին լարը մեռնող քնարիս
Պատըռվե՜ց, որպես սիրտը կուրծքի մեջ։

Երբ որ ինձ թաղեք, մի՛ արտասվագին
10 Ծաղիկներ ցանեք դագաղիս վերա
Ի՞նչ հարկավոր է անշունչ դիակին,
Որ մահից հետո սերս կուռք դառնա։
Մանուկ օրերիդ, հուսով սիրավառ,
Երգ ես երգեցի ոգևորության,
15 Բայց ինձ չըլսեց գոռոզ այս աշխարհ.
Վա՜յ ձեր վարդերին, որ ահա չըկան։

Եվ թող բնությունն՝ միակ գեղեցիկ,
Ողջունե երգչես վերջին հրաժեշտին,
Եվ երասխաջուր–մարգերի ծաղիկ
20 Անթառա՜մ խընկե հայրենի այգին։
Ազատ թուխպերից թո՛ղ պայծառ շողա
Արեգն երկնքին միջօրեական
Եվ հավե՛րժ մատաղ կյանքի պես խաղա
Որ լուսավորե իմ կորած դամբան։

1890 թ.