Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գանին։ Մի պահ ընդմիջելով Ալիշանը պատմում է Վարդանի և Եղիշեի մտերմությունը, նրանք փոխադարձ սերը, մեկի արիությունը, մյուսի բանականության ուժը, որ, իրար լրացնելով, մի վեհ նպատակի՝ հայրենիքին էին ծառայում։

Պոեմն առատ է քնարական զեղումներով, որոնցով բանաստեղծն իր վերաբերմունքն է արտահայտում նկարագրվող դեպքերի նկատմամբ. այսպես, օրինակ, Վարդանի զինակիցների մահը պատկերելով՝ նա բացականչում է.

Վասըն քո ընկան, Աշխարք իմ հայոց,
Կըտրինք աննմանք վենք նյասիսայնոց...

Պետք է նշել, որ Ավարայրի հերոսամարտին նվիրված այս պոեմում Ալիշանը շեշտել է նրա ո՛չ թե կրոնական, այլ քաղաքական-ազատագրական բնույթը։ «Պլպուլն Ավարայրի» պոեմի հիմքում բանաստեղծը դրել է հայրենիքի ազատության և անկախության համար ընկած հերոսի անմահության գաղափարը.

Թե բյուր դարք անցնին՝ դու մընաս, Վարդա՜ն,

բացականչում է Ալիշանը՝ Եղիշեի բերանով։

Ճիշտ է, Ալիշանի «Նվագներ»-ի մեջ կան ազգային սնապարծության տարրեր, սակայն, նրա ազգասիրությունը ագրեսիվ չէ։ Նա երգում է հայ ժողովրդի մղած պաշտպանական, ազատագրական պայքարն ընդդեմ օտար նվաճողների, հանուն հայրենիքի ազատության։ «Մեր ազգային զենքը պաշտպանական է և ոչ թշնամական»,— ասում է նա:

Լավ քաղաքացի լինելու համար լավ պետք է ճանաչել հայրենիքը, քննել, ուսումնասիրել նրա անցյալն ու ներկան։ Այս համոզմունքով էլ Ալիշանը գրել է Հայաստանի պատմությանը և աշխարհագրությանը նվիրված իր նշանավոր, երկերը, որոնք ոչ-նվազ, քան «Նահապետի երգերը», տոգորված են ջերմ հայրենասիրությամբ։

Խոսելով ազգային-պատմակտն հուշարձանների մասին՝ Ալիշանը նկատում է. «Ո՜հ, երբ այսպիսի հիշատակաց վրա շարժի գրիչն, չի կրնար գոնե կայծեր չցատքեցնել. պատմիչն հանկարծ վիպասան կըլլա, բանադատն՝ բանաստեղծ...»։

Եվ իրոք, հայագիատկան իր աշխատություններում պատմիչ ու «բանադատ» Ալիշանը երբեմն դառնում է վիպասան ու բանաստեղծ:

Ալիշանի «Նվագներ»-ը, հատկապես «Երգք Նահապետի» շարքը կազմող ստեղծագործությունները, նշանակալից չափով նպաստել են հայ բանաստեղծական կուլտուրայի զարգացմանը: Օգտագործելով միջնադարյան տաղերգության և ժողովրդական պոեզիայի մշակած գեղարվեստական ձևերը, Ալիշանը նշանավորնց հայ բանարվեստի մի նոր աստիճանը, որն իր հետագա, ավելի բարձր զարգացումը պիտի ապրեր Պեշիկթաշլյանի, Դուրյանի և Հովհաննիսյանի ստեղծագործությունների մեջ: