Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սարեզերքն ամեն զվարդն երևցուցին,
Ա՜հ, կարմրուկ վարդեր, զավակք Եդեմին։
Պըլպուլն ի հեռվանց թողեց ճըգնարան,
Ծովեր, ցամքըներ թևեց անգուման[1]
Կանչեց ի յօդուն երեք հետ բարև,
Ոտկունքըն դըրավ ի սարին վերև,
Սարին վերևեն ի վարդին տերև,
Հայո՜ց աշխարհիկ, քեզ երետ բարև.
Սարեկն ի սարին եկաց ու մընաց,
Անմեղ նախընծով եղավ երգասաց.
Արագիլն յերդիս ավլեց իր բունիկ,
Կանգնեցավ կըղաց. «Հայո՜ց աշխարհիկ».
Արտուտիկըն թռավ, թռավ վարուվեր
Մանրիկ ճըչվըլսվ ասաց շատ բաներ.
Տատրակիկն իջավ, իջավ ցած ու ցած,
Կըրծկունքն ի գետին ըզկուկո՜ւ ճըվաց.
Հովիվն ու հոտաղ, գառինք, եզն ու կով
Գոհացան զաստուած՝ մարգեր շուրջ գալով։
Հանց քեզ տերն է տվել գարուն գեղեցիկ,
Որ դրախտի նմանիս, Հայո՜ց աշխարհիկ.
Դրախտիկն որ անցել, դառնա քեզ գարնամբ,
Զինչ պայծառ արևն, որ ծածկեր ի յամբ:
Բայց Նահապետիս ի՜նչ ասեմ ծերուկ,
Որ եմ, քան զամեն ծաղիկ՝ վաղանցուկ.
Իմ գարունս անցել ու հասել աշուն,
Ցամքած տերևուկս՝ ըսպասեմ հովուն,
Թե ե՜րբ ի լերանց ծոցուն փըչե խոր,
Ձրգե անկըսկիծ զիս ի մահուն ձոր։
Նահապետիս կյանքն եղավ բավական,
Խնդությամբ կեցավ ի յիւրն Հայաստան,
Ժամ է, որ երթա ի յայն հայրենիք,
Ուր իսկի չզատվին եղբարք սիրելիք.
Խընդությամբ կերթամ քեզնից, Հայաստան,
Քեզնից առած հողս՝ ի քեզ տամ թաղման.

  1. Հանկարծ, վաղվաղ։