Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կենաց փայտին ծառն ի հոն ծաղկեցավ,
Չար գիտութենե բարին մեզ տըրվավ.
Ի Հայոց հողեն կազմեցավ Ադամ,
Զօդն Հայոց Եվայն ծըծեց քաղցրահամ.
Աչքերըն պայծառ, երեսքն աննըման
Հրեշտակաց առջևն հոն հանդիսացան.
Ծաղկունքս այս ծընած են ի յայն ծաղկոց,
Որ Եվայի պսակ եղան ու նըստոց.
Այս մեր սարերուս ծերուկ արձագանգք
Աստուծո ձայնին տըվին պատասխանք.
Աստից երդք սիրո ու ապաշխարության
Երկինքն ի վեր նախ յերկրէս վերացան.
Արյամբն Աբելի Քրիստոս հոս զենավ,
Կըրկին և կըրկին մեզ հույս խոստացավ.
Ադամ ծերունին այս սարիս ներքև
Զավակացն ասաց զիր հետին բարև.
Այն ձորիկն ի վայր լալով գնաց Եվա,
Գլուխն ի քար դըրավ կարոտ Եդեմա.
Ի հոն են նընջել մարդիկն առաջին,
Որ հետ հրեշտակաց դաստված օրհնեցին...
Երբ գոռաց երկինքն ու գետին սարսեց,
Ամպերն ի ծով, ծովն ի յամպեր վազեց,
Այն սարին ծարեն Նոյ մտավ ի տապան,
Ջրագունտ երկրիս շուրջն եկավ մանուման[1].
Իջավ, բազմեցավ ի բարձրըն Մասիս,
Զաղու աղավնին ղըրկեց ավետիս.
Երկիրս էր դատարկ, անապատ ահեղ,
Լուկ ի Հայաստան կայր մարդկության տեղ։
Մեք եմք հարազատք ծեր Նոյի ծընունդք,
Որ ժառանգեցինք զհովիտս ու լերունք։
Նախընծեցավ Բել բրռնավոր արքայն,
Զհասակն անճոռնի կանգնեց բարձր ու լայն.
Շատ զորքեր շարան բերավ անհամար,
Թուխ արև բըռնեց մեր երկնուց պայծառ.

  1. Շուրջ-շուրջ։