Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թևի տակն առած նիզակ ծայրախաչ,
Ձեռքն ի ճակտին, ոչ ձախ հայի, ոչ աջ։
Ընդ խորանաձև լուսնին ճառագայթ
Զեռանդուն բանակըն դիտե հանդարտ.
Զինչ մայր դարադի, որ գիշերն ընդհատ
Դիտե զքուն տղային կարմրիկ ու զըվարթ:
Ըզվաթսուն հազար դադրած քաջերուն
Սանձըն ձեռք առած՝ վաղվան առվըտուն,
Հաղթության անիվըն սահեցնելուն
Հընարք մըտածե ու զՀայոց անուն։
Ի բոլոր ազգեն առաջնորդ ընտրած,
Հաջորդ քաջամարտ ըսպարապետաց,
Պատասխանատու ազգին Հայկազանց,
Այն որ բաղդըն յինքըն տեսնու կախված.
Հիսուն հաղթանակք շահած քըրտընքով
Անցնին ի մըտացըն մեկըզմեկով,
Դեմ ինքյան կանգնին յուր փառքըն կարգով,
Սիրտն առնու և տա մեծամեծ թընդով։
Երկայն նիզակովն հանկարծ վազե դուրս,
Զինչ կրակե վիշապն ի յերկնից մըսուրս[1]
Ման գա ու փըչե գընդին Հայոց հուր,
Վարդա՜նն այն վսռած ի սեր և ի սուր։
Նայի ընդ երկիր, նայի ընդ երկին,
Չափե, չափչըփէ զբանակքն երկոքին,
Քաշե զմեկն ի վեր ի ծոց Գրիդորին,
Թափե զմեկն յանդունդ սանդարամետին.
Ի մեծ բարկություն կամ ի տարակույս
Զաչկունքըն շըրջե ի յայս և յայն կույս.
Կանչե ի խորոց, թե ո՜վ իմ հոգվույս
Տացե պատասխան հետին հարցվածույս...
Բայց ի՜նչ, բայց ի՞նչ այդ տեսիլ անկասկած
Քաջին Վարդանա ելնե ընդ առաջ.
Ի փոքրիկ բըլրակ գետույն եզերաց
Հուր բոց վերանա ի ծոց եթերաց.

  1. Հարդգողին։