Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այլ երբ տեսավ դյուրն ըզձախ թևարեկ,
Մըռընչեց զինչ ծով, յաներ կանգնեց տեղ,
Փայլակնանըման հըրեց ձին հրաշեկ,
Քաջքն ի հետ ընկան, զինչ հորձանուտ պետք.
Սև զրեհոք հեծած ի սևն երիվար,
Գայր զինչ սաստկորոտ ամպ մըրըրկավար.
Սուսերն ահագին զինչ կայծակ շողայր,
Քան զայն ահեղ՝ մահն իսկ ոչ երևար.
Զինչ հրդեհ բրռնած յանտառի ծայրեն
Չի դադրի՝ մինչ փայտ չըլափե զամեն,
Վառվեցավ ըզհետ գընդին համորեն.
Հարվածներն համրեց աստված ի վերեն։
Անհուն հետևակք զինչ չոր եղեգունք
Գետնակոխ արար ի ձիուն ոտկունք.
Ձիանք ու փըղանք զինչ մայրիք բարձունք
Մեկմեկե առաջ թափին երագունք.
Յաջ ու ձախ զարներ, փըռեր ու անցներ,
Զանտառ զորքերուն յանապատ փոխեր.
Մինչ Պարսիկն ահեն զինչ ընել խորհեր,
Նա Վարդանա սուրըն մա՛հ հրամայեր։
Ի փախ դարձան քաջք մընացյալ Պարսից,
Առ մեծ զորավարն հաս ձայն բոթալից.
Գալրեցավ Մուշկան զինչ օձ թունալից
Խածատեր զմատներն երդմամբ անիծից.
Փողեր, դարձըներ ըզփախուստ զորաց,
Կանչեր Արտաշրա ի վերա փըղաց.
«Փութա՛, գազաններն ա՛ռ եկ ի հոս դարձ,
Ձի Վարդան մարե զարև մեր Արյաց»։
Սարսեց համորեն բանակ պարսկական
Փըղոք հեծելոք գընդոքըն Մատյան,
Թեպետ և կոտրած՝ դեռ անթիվ խուժան
Միաբան դիմեն դեպ յարին Վարդան.
Երեք քայլ ի հետ, մեկ՝ հառաջ գային,
Մեկ տային՝ ու տասն հարված առնուին.
Շուրջ բոլորեցան հեռուստ պատեցին...
Մոտեցա՜վ վայրկյան ահավոր բախտին։