Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բերդն ու պարիսպ, շենքն են հողու հավասարեր...
Ա՜հ, անիծյալ երկաթ, ու ձեռք, որ զայն սըրեց,
Հայոց արյո՞ւն քեզ լուկ այդքան անույշ թըվեց.
Միթե անկուշտ քաղցիդ ու չար կեռիքներուդ՝
Զի՞մ Հայաստան որսիկ ցըցուց արևն անգութ.
Ո՞ր բըռնավոր, ո՞ր տիրապետ, ո՞ր անօրեն
Չեկավ սըրով բաժին մառնուլ Հայոց երկրեն.
Ո՞ր բարբարոս ավերածու ձեռաց նըշան
Չեթող վրկա մեր շենքերուս երկնանըման.
Մեկըն կըտրեց, մեկըն հընձեց, մեկըն լափեց,
Մեկն այլ փորեց, զարմատն հանած հողըն ցերվեց.
Ա՜հ, այս տեսույս ո՞վ դիմանա, թե չէ արձան,
Կամ ի՞նչ ցեղ քեզ չողբա, խեղճուկ իմ Հայաստան։
Տեսեք գեղանքն ու քաղքընին խառնուփընդոր,
Սառնապաղուկ գետոց ջըրերն՝ յարիւն հորդոր.
Տեսեք ռամիկն ու մեծատուն ամենքն աղքատ,
Տընակորույս, բարբարական դաշտե ի դաշտ.
Փախչին գընան, չըգիտեն ո՞ւր, հետ չընային,
Զի սուրն անգութ փըռե զիրենք ցուրտ ի գետին.
Դոքա այլ ո՞ւր ըզփախ առել ըշտապ կերթան. —
Ամենքն ի մեկ տեղ. ո՜հ, ամենքն ի գերեզման։
Ահա ծերեր, որ հարկևոր, ալիքն առել,
Փախչիլ փորձեն, փորձանք գոչեն, ընկնին մեռել.
Ահա անսիրտ խեղճ կընկըտիք, որ անլաչակ,
Հետ էրկընուն կանչվըռտելով մընան մինակ.
Պարկեշտ աղջկունքն, որ արևեն ծածկըվեին,
Գազանակերպ մարդկան ձեռքե ի ձեռք ընկնին.
Ահա մատղաշ մայրն, որ կաթնածուծ տրղեկն առեր,
Լեղապատառ, խոլոռ, մոլոր կերթա վըհեր,
Պահ մի թողու զտըղայն ի վայր, դեմ գա դահճին,
Ցամքած ծոցիկն առել՝ մոր գութ հիշե նըմին.
Բայց սուրն ահեղ ո՛չ մոր գըթա, ո՛չ որդեկին,
Ծաղիկն ու ճուղ մեկտեղ կըտրե վառ-վառ նըռին.
Կաթն ու արյուն, զինչ եղ ու մեղր հետ կաթկըթին...
Հրեշտա՞կք, թե գութ ունիք՝ հանե՛ք զայս կաթս յերկին:—
Ո՞հ, ես քանի՞, քանի՞ ներքև այս ձորերուս