Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1858—1861 թթ. վարում է Փարիզի Մուրադյան վարժարանի տեսչի պաշտոնը: 1859 թ. ամռանը լինելով Փարիզում, Նալբանդյանը այցելում է Մուրադյան վարժարանը, ուր ծանոթանում և զրուցում է Ալիշանի հետ: Իր «Հիշատակարան»-ում պատմելով այդ այցելության մասին՝ Նալբանդյանը իրավացիորեն խիստ դատապարտում է Մուրադյան վարժարանի կրոնական-աղանդավորական ոգին։ Այնուհանդերձ, Ալիշանի մասին նա խոսում է դրվատանքով. «Այս արժանապատիվ անձը,— գրում է Նալբանդյանը,— ծանոթ է հայոց ազգին մանավանդ Նահապետ անունով։ Նորա «Ավագ և Փոքր Մասիս», «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի» տաղերգությունքը ջերմացուցել են շատ սրտեր Նահապետի անունի վերա»[1]։

1861 թ. նոյեմբերին, թողնելով Փարիզի Մուրադյան վարժարանի տեսչի պաշտոնը, Ալիշանը վերադառնում է ս. Ղազար։ 1866 թ. նա կրկին նշանակվում է Վենետիկի Ռափայելյան վարժարանի տեսուչ։ Այդ պաշտոնը նա շարունակում է վարել մինչև 1872 թ., որից հետո ընդմիշտ թողնում է մանկավարժական ասպարեզը և ամբողջությամբ, մինչև իր մահը (1901 թ. նոյեմբերի 22), նվիրվում է հայագիտությանը։

Ալիշան-բանաստեղծն ստեղծագործել է մեկ տասնամյակից մի փոքր ավելի, այն է՝ 1840—1852 թթ., 20—32 տարեկան հասակում: Իր պոեզիան գրեթե ամբողջությամբ հետագայում նա ամփոփել է «Նուագք» (Նվագներ) ժողովածուի մեջ և հինգ հատորով հրատարակել 1857 —1858 թթ.։ Բեղմնավոր է եղել Ալիշանը նաև որպես բանաստեղծ. հիշյալ 10—12 տարվա ընթացքում նա արտադրել է ավելի քան երեք տասնյակ հազար տող... (չհաշված 1852 թվականից հետո գրած մի քանի բանաստեղծությունները և անտիպները)։ Պետք է նկատել, սակայն, որ Ալիշանի այդ ստվարածավալ բանաստեղծական ժառանգության մեծագույն մասը («Նուագք»-ի առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ հատորները) խրթին գրաբարով գրված կրոնա-միստիկական չափածո խորհրդածություններ են, որոնք ընթերցող լայն հասարակության համար մնացել են որպես «մեռյալ տառ» և որևէ դեր չեն կատարել հայ գրականության պատմության մեջ։ «Նուագք»-ի երրորդ՝ «Հայրունի» բնորոշ խորագիրը կրող հատորումն են ամփոփված Ալիշանի պատմա-հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները, որոնց մեծ մասը դարձյալ գրված է գրաբարով։ Այս հատորումն են «Երգք Նահապետի» շարքը կազմող աշխարհաբար այն գործերը, որոնք հռչակել են Ալիշան-բանաստեղծի անունի և նրա համար պատվավոր տեղ նվաճել հայ նոր գրականության պատմության էջերում:

Քանակով շատ չեն այդ գործերը, սակայն մեծ է նրանց տեսակարար կշիռը և նշանակությունը գրա-պատմական տեսակետից։

Նախ և առաջ պետք է նկատի ունենալ, որ Ալիշանն իր «Նահապետի երգեր»-ը գրել է գերազանցապես 1847—1850 թվականներին, Խաչ. Աբովյանը դեռ կենդանի էր, երբ Ալիշանը գրում էր «Հայոց աշխարհիկ»-ն ու

  1. Մ. Նալբանդյան, Երկերի լիակատար ժողովածու, հատ, I, էջ 430։