Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՍԻՍՈԻ ՍԱՐԵՐՆ


Ավագ Մասյաց սարն ելեր բարձրացեր՝
Յամպերն ի վայր ձայն ահեղ արձըկեր.
«Ինձ մըտիկ արեք հավսար դուք լերունք,
Ես բարձր եմ, քանց ձեզ, ճակատս ի յաստղունք.
Ես Արարատյանն եմ Ավագ Մասիս,
Ազնիվ, քան զամեն լերունք աշխարհիս.
Աստված զիս չափեցի Ադամ նախ տեսավ,
Տապանն հյուր երեկ յիս, Նոյ յիս իջավ.
Հայկն ալ յիս դարձավ փառոք հաղթական,
Զիս Ամասիա կընքեցին ու Արայն.
Տիգրանն ինձ գերի բերավ զԱժդահակ,
Հայոց թըշնամյաց բանտ եմ դըժընդակ.
Արտավազդն ի խոր յիմ քարայրս ի ներս
Աշխարհի սպառնա տալ թունդ և ավերս։
Յիմ կողես իջուց Տըրդատ մեծազոր
Սուրբ էջմիածնա հիմունքն ահավոր։
Զիս բոլոր պատեն անվանք և փառք հին
Քաջանց դյուցազանց Հայոց աշխարհին.
Ես միշտ եմ պարծանք Հայոցըս մեծաց,
Նոքա այլ պարծանք են ինձ անմոռաց։
Լերի՜նք եւ բարձունք, ահա տեսեք զիս,
Ես ձեր թագավորն եմ՝ Ավագ Մասիս։