Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ հատակն յանդունդ հասանե երկրին.
Բերանըն ձյունով սառով կու ծածկի,
Ներսըն դըժոխոց քութուկ[1] բորբոքի.
Գիտես, թե մարած է զինչ հին կանթեղ,
Բայց թե տամ քըչիկ մի քուքուրտի դեղ[2]
Յանկըսկած դաշտերդ ամեն ի ման գա,
Դու այլ հետ լերանց դողաս զինչ տըղա.
Անգուման զերկրին սիրտն ի վեր բերեմ,
Ըզմուխն ու զմոխիր ի սարերդ հանեմ.
Սև պատեմ զերկիր ու սև զամպերն այլ,
Ծուխ ու բոց անեմ, կարկըտամ[3] փայլ փայլ.
Թե ուզենամ նոր կանգնեմ ես սարեր,
ՅԱրագած դեսպան ղըրկեմ բարկ քարեր.
Բոցեղեն գետ մայլ հետ ածեմ վազան[4],
Վա՜յ, որ դեմ կանգնի, լափեմ զինչ գազան։
Հանց գիտցի՛ր զԱվագ Մասիսն, ո՜վ եղբայր,
Հանց ցըրտիկ ծոցեր՝ ունին սիրտ հրավառ.
Մասեր, թե դոքա մեռած են, մարած,
Չանցնիր այն ճըրագն, զոր վառեց աստված։


ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ


Վառել է, վառել, բայց մի՛ բարկանար,
Թե բանիկս ասեմ, Ավագ իմ եղբայր.
Բայց որ կու վառե, նա ինքըն մարե,
Կյանք տա ու կ՝առնու, ասաց Մարգարե.
Չըլնի, որ Հայոց արևն այլ անցել,
Մեզ արևմըտքի լուսիկն է մնացել։


ԱՎԱԳ ՄԱՍԻՍՆ


Աստված մահ չարար, կ՝ասե իմաստուն,
Ինքըն մեռելոց այլ տա հարություն.

  1. Կոճղ:
  2. Ծծումբ:
  3. Կարկուտ թափել:
  4. Վազեցնել: