Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Պլպուլն Ավարայրի»-ն (1847): Մեր նոր գրականության ուղենիշը հանդիսացող«Վերք Հայաստանի» վեպի առաջաբանից յոթ տարի հետո, Աբովյանից անկախ, ըմբռնելով ժամանակի հրամայական պահանջը, երիտասարդ Ալիշանը, «շայիր» (աշուղ) դարձած, Նահապետ ծածկանունով փորձում էր կամուրջ գցել գրականության և ժողովրդի միջև: Այս տեսակետից ուշագրավ է, որ Ալիշանը, նախքան «նահապետի երգեր»-ը հրատարակելը, հանդես է եկել որպես ժողովրդական բանահյուսության, մասնավորապես պոեզիայի առաջին գնահատողներից մեկը մեր իրականության մեջ. այսպես, 1845 թ, «Բազմավեպուում տպագրված «Ռամկական երգեր» խորագիրը կրող հոդվածում նա գրում է, «Ռամկական երգը ազգային ոգվույն մեկ ձայնն է, որ շատ հեղ ուրիշ կողմանե մեռած կամ մարած ատեն ալ, դեռ այսպիսի երգոց մեջ կենդանի կմնա, անոր համար՝ ազգային երգ ալ կըսվի... Այսպիսի երգերը շատ անգամ ավելի լավ կիմացնեն ազգի հանճարը, քան թե ծանր գրվածքները, և կգտնվին անոնց մեջ անանկ սքանչելի զուրցվածք, որ միայն իրենց ռամկական անունին համար հասարակ քան կկարծվին, բայց ճշմարտությամբ գերագույն գրվածոց կարգը անցնելու են»: Այնուհետև, մեջ բերելով «Ողբ կաքավու» («Նստյալ կայր ու լալը կաքվուկն...») երգը, ավելացնում է, «Կհամարձակիմ ըսելու, թե այս երգս անոնցմե մեկն է, որոց վրա չկրնար մեկը բան մը ավելցնել կամ պակսեցնել, և կրնա գեղեցիկ օրինակ մը ըլլալ նաև օտար ազգաց, միայն թե հայերենին քաղցրությունը կարելի ըլլա պահվիլ, որ անկարելի է, և կարծեմ՝ ավելի վսեմ հայկական լեզվով ալ գրված ըլլար նե՝ նույն աղվորությունը չէր ունենար»: Ապա «ուսումնասեր և ազգասեր ընթերցողներին» կոչ է անում գրի առնել, հավաքել Հայաստանի այլևայլ գավառների մեջ երգվող ժողովրդական այդ երգերը, «վասնզի անոնցմե կրնան շատ մարգարիտներ ելլել, և թերևս ատենով հայոց գրականության տաճարին մեջը պատվավոր տեղ մը ունենալ»[1]: Ինքը՝ Ալիշանը, Վենետիկի, Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի մատենադարանների հայկական գրչագիր մատյաններում տարբեր ժամ տնակներում գրի առնված ժողովրդական երգերը ի մի հավաքելով, 1852 թ, հրատարակում է մի ժողովածու, հայերեն և անգլերեն, «Հայոց երգք ռամկականք» խորագրով: Ժողովածուն պարունակում էր 19 զանազան երգեր, այդ թվում նաև հետագայում համազգային հռչակ ստացած «Կռանկ, ուստի կուգաս...»-ը։

Ալիշանն առաջիններից էր նաև, որ ձգտելով հասկանալի լինել ժողովրդին՝ քաղաքացիական իրավունք տվեց ժողովրդական լեզվին, օգտագործելով վերջինիս հարուստ բառապաշարը և գեղարվեստական պատկերավորման միջոցները։ Ալիշանի դժբախտությունն էր, սակայն, որ նա, մանկությունից վանքում մեծացած լինելով, կտրված էր աշխարհաբարի բուն աղբյուրից՝ ժողովրդից, այդ է պատճառը, որ նրա լեզուն արհեստական է։ Միք. նալբանդյանը մասնավորապես նշելով Ալիշանի լեզվի այդ

  1. «Բազմավեպ», 1845, ապրիլ 1, № 7, էջ 109—111 (ընդգծումներն իմն են — Ա. Ի.)։