Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արևածագի նկարագրությունը, որ տրված է պայծառ գույներով երաժշտայնությամբ,

Առավոտան դըռնակն է բաց,
Ե՛ւ, ե՛ւ, արևդ Հայաստանյայց:
... Ահա ելներ արևն ՅԱՄՊՈՅ,
Վարդ կա թափեր ՅԱՇԽԱՐՀՆ հայոց,
Ցողըն տեղայր զով ու սիրուն,
Զինչ մարգարիտն ի սադափուն.
Կարմիր, կանաչ, ծին ծիրանի
Պտտի ածվեր Հայաստանի:
Լերանց սարերըն բարձրածայր
Ոսկի պըսակ եղան հավսար.
Հայոց գետերն հազարավոր
Իջանեին ճաճանչավոր:
Հազար թե գետ, բյուր թե առվի,
Հայոց ծովակքն այլ ավելի...
Ահա՛ վտակունք կըրկըջային,
Ձորն ու հովիտ արբենային.
ՅԱՄԵՆ կաթեն աստղիկ ծըներ,
ՅԱՄԵՆ ծընեն ծաղիկ ծագեր...

Հայաստանը իրականության մեջ չտեսած, բայց ստեղծագործական զորեղ երևակայությամբ օժտված բանաստեղծը հայրենի բնության գունեղ ու միաժամանակ հուզաթաթավ նկարագրությամբ ժամանակակից սերունդը տոգորում էր հայրենասիրությամբ, արթնացնում էր ակտիվ, ներգործուն վերաբերմունք հայրենիքի քաղաքական ճակատագրի, նրա ներկայի և ապագայի նկատմամբ։

«Հայոց աշխարհիկ» բանաստեղծությունն սկսելով հայրենի բնության գովքով՝ Ալիշանը մանուկ սերնդին կոչ էր անում սիրել հայրենիքը, հավատարիմ մնալ նրան.

Ձեզ կասեմ մանկունք սիրանք, նազելիք,
Որոց է բնական Հայոց աշխարհիկ,
Մուրանայք զերկիրդ ու զազգըդ սիրուն,
Ծառն՝ արմատով ծառ, տանն հիմամբն է տան...

Այնուհետև հիշեցնելով, որ Հայկ նահապետի օրերից Հայաստանի սարերն ու ձորերը ներկված են արյունով, թվարկում է Տրդատի ու Տիգրանի, Վարդանի ու Վահանի, Աշոտի ու Սմբատի և շատ ուրիշների սխրագործությունները։ Անցյալի այս ֆոնի վրա բանաստեղծը պատկերում է հայրենիքի մռայլ ներկան.

Բայց ափսո՜ս հիմա, որ չար թըշնամիք
Իսկի չեն խնայել Հայո՜ց աշխարհիկ,