Էջ:Taghs - Ghevond Alishan (Ղևոնդ Ալիշան - Տաղեր).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սև ավերակք դուք, Սև հողեր,
Թըրով թափած տըհաս հունձք և տունկք,
Ի գազանաց ոտնակոխ ճըղեր,
Ո՜հ, ծաղկեցե՛ք դուք այլ յիմ արտսունք.
Կարմիր կոկոն գլուխներ, վե՛ր կացեք,
Լուսակաթ աչք, մեկիկ մի բացիք,
Մեղրոտ շրթունք, մեկ մի ձենեցեք,
Ըսեք, թե հաշտ եմք, ու ի քուն դարձիք.
Համեցեք հարք, ըզճակտիդ քըրտինս,
Զխարտյաշ մազերդ թոթվեցեք, տրղայք,
Տըվեք այդոց մարք, ղետին ըստինս,
Հալալ արեք, և բարյավ երթայք։
Մուրատատուր մեր սուրբքըն վըկա,
Հալալ արի ես այլ ձեր հողուն,
Դարձիք ի քուն. լուսնակս այլ վըկա,
Որ անմոռաց եք ի հայ սիրուն...

Այլ դու, լուսնակ, ահա կու նվաղիս,
Քաշես ճաճանչդ ի ծոցըդ ճերմակ,
Զետ արծըթի ափսե կու թավլիս
Մեջ ամպերուն՝ թուխ ու կապուտակ.
Կա՛ց, մեկ վայրկյան մալ կա՛ց, իմ սիրույս.
Մեկ քար մ՝այլ կա յԱնծանօթ հովտին,
Գընա՝ հոն կաթեր զվերջին քո լույս...
Այն Գերեզմանն է Նահապետին։