Էջ:The Architecture, Tom 1.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շրջանի մնացորդները բոլորովին ուրիշ տեղերու վրա են, որոնց անունն ու տեղը ևրոպացի հնախույզ գիտնականը երբեք լսած չէ կարող ըլլալ, մեր պարտքն է անոնց սեղանին վրա դնել գոնե լավ լուսատիպ պատկերներով և մանրամասն նկարագրություններով։


* * *

Ստրչիգովսկին լիովին համոզված է, որ հունական խաչաձև հատակագծի ոճը Հայաստանի մեջ ծագում առած է, որուն ամենահին օրինակն է Էջմիածնի եկեղեցին։ Միևնույն ժամանակ նաև կկարծե, թե այդ հատակագիծը նույնիսկ Լուսավորչի ժամանակեն ավանդաբար հասած ըլլա։ Բացի ուրիշ շատ մը փաստացի պատճառներե, նաև հատակագծերու զարգացման տեսակետով ալ Էջմիածնի հատակագիծը ամենևին քրիստոնեական նախնական եկեղեցվո հատկություն չունի, ընդհակառակը, կրոնական և ծիսական օրենքներու ըստ բավականի զարգացումներով մշակված հատակագիծ մ'է։ Հայոց եկեղեցիներու հատակագծերը ուրիշ քրիստոնյա ազգերու եկեղեցիներեն տարբեր կերպով զարգանալու ոչ մեկ պատճառ չկար Հայաստանի մեջ։ Ուրիշ բոլոր քրիստոնյա ազգերու նախնական եկեղեցիները մեհյաններու և բազիլիկներու ընդօրինակություններ եղան ի սկզբան: Հետո, ժամանակի ու դարերու ընթացքին մեջ հետզհետե հեթանոսական ձևերեն հեռանալով, քրիստոնեական կրոնի խորհրդանշանները ու դրոշմը կրեցին։ Ճիշտ այդպես ալ եղած է հայոց եկեղեցիներու նկատմամբ և այդպես ըլլալուն ալ ապացույցներ չեն պակսիր։ Այս մասին ավելի ընդարձակորեն հայտնած եմ իմ տեսություններս «Տեկորի տաճարը» աշխատության մեջ [տես՝ 3-րդ մասը]։

Էջմիածնի լուսավորչաշեն եկեղեցին չէր կարող խաչաձև հատակագիծ ունենալ, այսօրվան ձևը կպատկանի Ներսես Շինող կաթողիկոսին, իսկ անկեց առաջ Վահան Մամիկոնյանի 5-րդ դարու վերջին շինածը թեև խաչաձև էր կրկին, սակայն խաչաձևի չորս կիսաբոլորակ թևերը արտաքուստ ամփոփված էին ուղիղ չորս պատերու մեջ։ Չորս անկյուններուն վրա ալ բացված էին չորս սենյակներ՝ զանազան ծիսական պահանջներու հատուկ։ Հոդվածիս սահմանը չներեր Էջմիածնի մասին ավելի ընդարձակ խոսելու, ցանկացողը թող բարեհաճի կարդալ մեկ փոքրիկ հրատարակությունս «Էջմիածնի տաճարը» անունով [տես՝ 3-րդ մասը]։

Վահան Մամիկոնյանի շինած եկեղեցվույն խաչաձև հատակագիծը Հայաստանի մեջ ծագում առած ոճ ըլլալը հերքել շատ դժվար է։ Իսկ այժմյան խաչաձևն ալ, ինչպես կտեսնվի Ստրչիգովսկիի և Շ. Տիլի կարծիքներեն, Հայաստանի սեփականություն դառնալու երևույթը ունի։ Միայն եռախորան եկեղեցիներուն Հայաստանի մեջ ծագում առած ըլլալուն մասին առայժմ ես կդժվարանամ Ստրչիգովսկիին հետ համակարծիք ըլլալու: Մանավանդ երբ Շ. Տիլ կհավաստե, թե այդ ձևը 7-րդեն մինչև 10-րդ դար գոյություն ուներ Կոստանդնուպոլսո մեջ, այդ ատեն ինծի կմնա հավատալ, որ Հայաստանի մեջ այդ ձևը օտար ազդեցության տակ կազմված է։ Վասն զի իմ բոլոր խուզարկություններուս ժամանակ դեռ չեմ տեսած եռախորան եկեղեցի մը, որուն շինության թվականը 10-րդ դարեն առաջ ըլլա։

Ստուգիվ 7-րդ դարու եկեղեցիներ կան, որոնք թեև երեք խորան ունին, սակայն անհերքելի ապացույցներ ալ կան, որ անոնք 10-րդ դարու փոփոխության արդյունք են։ Թեև Ստեփաննոս Օրբելյան կպատմե, թե (Թիֆլիս, 1911, երես 71) Գյուտ կաթողիկոսի նախաձեռնությամբ մեծ կաթուղիկե մը շինվեցավ (472 թվին), որ երեք խորան և երկու գմբեթ ուներ. բայց անոր երեք խորան ըսածը ես ավելի կհասկնամ Էջմիածնի ներքին կիսաբոլորակ թևերով խաչաձև հատակագծին նմանը, որուն արևմտյան թևը քառակուսի էր, ինչպես Ալամանի ս. Անանիայի եկեղեցին, և մյուս երեք թևերուն մեջ պատարագի սեղաններ կային՝ ինչպես այսօր Էջմիածնի եկեղեցիին մեջ. Էջմիածնի շինությունն ալ արդեն ժամանակակից է և, ամենայն հավանականությամբ, միևնույն ձևը ունեցավ իբրև ժամանակակից նոր ոճ։ Իսկ երկու գմբեթ միանգամայն միևնույն եկեղեցվո վրա ինծի բոլորովին անհասկանալի կմնա, եթե չերևակայենք Զվարթնոցի նման կրկնակ գմբեթ իրարու վրա։ Որովհետև ուրիշ ձևով պատշաճ տեղ չենք կարող գտնել հայկական ոճի մեջ երկրորդ գմբեթի մը համար։


* * *

Վասիլ կայսեր Կոստանդնուպոլսո մեջ շինել տված նոր եկեղեցին, Ստրչիգովսկիի կարծիքով, հայկական ոճով է և ուղղակի ազդված Էջմիածնի հատակաձևեն։ Թեև Վասիլ կայսեր շինել տված եկեղեցվո հատակագիծը բոլորովին նման չէ Էջմիածնի հատակագծին, այնուամենայնիվ Ստրչիգովսկիի համար ներելի էր այդ համեմատությունը, հիմնվելով գոնե անոր մոտավոր նմանության վրա։

Ի՞նչ ձև ուներ Վասիլ կայսեր շինած եկեղեցվո հատակագիծը և ի՞նչ տարբերություն ուներ Էջմիածնի հատակագծեն. ատիկա տեսնենք մենք նույն իսկ Շ. Տիլի նկարագրության մեջ՝ իր կարծիքներով միասին։

«Հատակագիծը կներկայացներ հավասար թևերով խաչաձև մը քառակուսիի մը մեջ ամփոփված և հինգ գմբեթներով պսակված։ Բայց գմբեթները այնպես չէին, ինչպես Առաքելոց եկեղեցիինը և անոր ընդօրինակությունը եղող ս. Մարկոսինը, որոնց խաչաձևի չորս թևերուն վրա զետեղված էին չորս գմբեթները։ Վասն զի եկեղեցվույն մեջ կեդրոնական գմբեթին շուրջը չորս երկրորդական գմբեթներ կբարձրանային bas-coté-ներուն վրա՝ խաչաձևի չորս թևերու հետ արտաքին քառակուսիի միացումով ձևացած անկյուններուն մեջ։ Այսպեսով, արտաքին ճակատին վրա խաչաձևը անտեսանելի եղած էր, մինչդեռ Առաքելոց եկեղեցվույն վրա խաչաձևը արտաքուստ տեսանելի էր։ Միայն կտուրին վրա հայտնի էին չորս թևերու ծածկույթի կամարաձևին մեջ հառաջ եկող օրորոցաձև տանիքներու չորս թևերը [Վասիլի եկեղեցվո վրա]: (Manuel d’art byzantin. Par Ch. Diehl. Paris, 1910, p. 406).

Որչափ լավ պիտի ըլլար, եթե վերոհիշյալ երկու