Էջ:The Architecture, Tom 1.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիտնականներն իրենց սեղանին վրա ունենային Հայաստանի մեջ տակավին պահված քանի մը եկեղեցիներու հատակագծերն ու պատկերները, որոնք կետ առ կետ Վասիլի եկեղեցվույն նման ըլլալե զատ, անոնցմե ոմանք ավելի հին են քան Վասիլի եկեղեցին:

Էջմիածնի մոտ 7-րդ դարուն կանգնված Հռիփսիմեի վանքի եկեղեցին և Խծկոնքի ս. Աստվածածին, որ կանգնված է 10-րդ դարեն ոչ ուշ, իրենց հատակագծով բնավ չեն տարբերիր Վասիլի եկեղեցվո հատակագծեն, միևնույն ձևով ներքուստ խաչաձև, և արտաքուստ ամփոփված են քառակուսիի մեջ, միակ տարբերությունը կկայանա հայոց եկեղեցիներուն միայն մեկ գմբեթ ունենալուն մեջ։ Բայց իսկական՝ Վասիլ կայսեր շինած հինգ գմբեթով եկեղեցիին նման երկու օրինակ ինծի հայտնի են առայժմ, որոնցմե մեկը Անիի Առաքելոց եկեղեցին է:

Անիի Առաքելոց եկեղեցվո շինության թվականը կորած է. սակայն իր 10-րդ դարու մաքուր հայկական ոճեն զատ, 1034 թվականին Վահրամ Պահլավունիի որդվույն Ապուղամրի մեկ նվիրատվության արձանագրութենեն կերևի, որ այս եկեղեցին կանգնված է 10-րդ դարեն ոչ ուշ։ Արտաքին որմասյանց խոյակներու և քանի մը ուրիշ զարդաքանդակներու վերին աստիճան նմանություններեն ալ կհետևցնեն, որ Անիի գագկաշեն բոլորակ ս. Գրիգոր եկեղեցվո շինության ժամանակակից վարպետներ աշխատեր են անոր մեջ:

Գրեթե միևնույն դարուն Անիի և Բյուզանդիոնի մեջ իրարու այնքան նման եկեղեցիներ իրարմե անկախ կերպով ինչպես երևան գալերնին գուցե անբացատրելի մնար, և կամ առաջնության մրցանակը Բյուզանդիոնը շահեր, եթե բարեբախտաբար ր-րդ դարու վերջին Հոհան կաթողիկոսի՝ Երևանի մոտ Ավան գյուղի մեջ կանգնած ներքուստ խաչաձև և հինգ գմբեթանի եկեղեցին կիսականգուն վիճակի մեջ այսօր մեզ հասած չըլլար։ Այս եկեղեցվո հատակագիծը բոլորովին անաղարտ է և պատերը կանգուն։ Փլած են գմբեթները, սակալն որ ինչ որ այստեղ մեզի կարևոր է և ըստ ամենայնի հետաքրքրական, երկրորդական չորս գմբեթներու գոյության ապացույցն է, որոնց մեկուն երկու կարգ քարի բոլորակ շարքերը տակավին կմնան հարավ-արևմտյան անկյունին վրա։

Մասնավոր շնորհակալության արժանի է Գարեգին վարդապետ Հովսեփյանի մեկ հոգածությունը՝ այս անգնահատելի հիշատակարանի մասին, որ մանրամասն լուսանկարելով կորուստե ազատեց: Մասնավորապես լուսանկարած է նաև հարավ-արևմտյան անկյունի փոքր գմբեթին մնացորդ քարերու բոլորակ շտրքերն ալ։

Այստեղ հարկ չեմ տեսներ վերստին պաշտպանել իմ մեկ թեորիս՝ որ տեսական և գործնական փաստերով ապացուցելու աշխատած եմ, թե Անիի ներքուստ խաչաձև, արտաքուստ քառակուսի, հինգ գմբեթանի Առաքելոց եկեղեցվո նախատիպը եղած է 5-րդ դարու վերջը Վահան Մամիկոնյանի կանգնած Էջմիածնի տաճարը։

Այս տեսությունս գրած էի 1909 թվականին, որ նույն տարին ռուսերեն լեզվով տպագրվեցավ Ս. Պետերբուրգ՝ պր. Ն. Մառի թարգմանությամբ, հետո ալ տպագրվեցավ հայերեն բնագիրը «Ազգագրական հանդես»-ի մեջ, առանձին, արտատպությունով 1910 թվականին, «Էջմիածնի տաճարը» խորագրով։ Այս ամենը վերջանալեն հետո էր, որ բախտ ունեցա Ավան գյուղի եկեղեցին տեսնելու, եթե ոչ՝ անպայման նախորդ աշխատություններուս մեջ իբրև փաստ ներկայացված պիտի ըլլար այս եկեղեցին ալ:

Բայց քանի որ Էջմիածնի նկատմամբ իմ թեորիս տակավին քննության չէ առնված ուրիշ մասնագետներու կողմանե, բնականաբար իբրև փաստ չեմ կարող ներկայացնել, միայն կբավականանամ՝ ըստ իմ տեսության, անոր հատակագիծը և շենքի պատկերը ներկայացնելով։ Սակայն Ավանի եկեղեցին անհրաժեշտ է որ մատնանշեմ իբրև կանգուն և խոսուն օրինակ ու 6-րդ դարու հարազատ շինություն, որուն գոյությունը, կհուսամ, թե Ստրչիգովսկիի համար հաճելի անակնկալ մը կըլլա, անգամ մը ևս փաստացի հաստատվելով տարիներ առաջ իր կատարած տեսությունը, առանց գիտնալու Ավանի եկեղեցվո գոյությունը: Իսկ Շ. Տիլի համար ալ անշուշտ հետաքրքրական նորությունը մ'է, որով փոխանակ Վասիլի եկեղեցվույն հայ ճարտարապետության հետ առնչություն ունենալ կամ չունենալուն մասին վարանման մեջ մնալու, և նույն ձևը 10-րդ դարու բյուզանդական ոճի հատկանիշը համարելու։ առայժմ գոնե, եթե ոչ 5-րդ դարու, գեթ 6-րդ դարու հայ ճարտարապետության հատկանիշը պիտի համարի։ (— Ainsi l'éciifice était conforme au type nouveau et caracteristique de la construction byzantine, tel qu'll apparait presque exclusivement a partir du X siècle: l'èglise a croix greque inscrite dans un carré) [Ch. Diehl. Manuel d'art byzantin. Paris, 1910, p. 406].


* * *

Ch. Diehl երկու գլխավոր հենակետ ունի համոզվելու համար, թե անպայման հայ ճարտարապետությունը պետք էր որ կազմակերպվեր որոշ չափով բյուզանդիականի ազդեցության տակ. հենակետերեն մեկը Հուստինիանոսի ճարտարապետներուն Հայաստանի մեջ բազմաթիվ եկեղեցիներ շինելն է, իսկ մյուսը՝ իրողություն մ'է, որ ավելի զարգացածը կազդե մյուսին վրա:

Հուստինիանոսի ճարտարապետներուն Հայաստանի մեջ բազմաթիվ եկեղեցիներ շինած ըլլալու կարծիքը հառաջ եկած է պատմական տեղեկութենե մը, թե՝ Հուստինիանոս հանձնարարած է իր պատմաբան Pro-cope-ի դրել իր կյանքի բոլոր գործունեությունը։ Միայն շինարարական գործունեությանը համար Pro-cope գրեր էր վեց հատոր, որուն երրորդ հատորը կայսեր հրամանով Հայաստանի մեջ շինված շենքերու պատմությունը կբովանդակեր։ Բայց մինչև այսօր Հայաստանի մասին այդ տեսակ պատմություն մը գտնված չէ։ Եթե նույնիսկ գտնվեր ալ, չէր կարելի երևակայել, որ անոր մեջ բովանդակ Հայաստանի եկեղեցիներուն շինության պատմությունը գրված ըլլար: Առառավելն Հայաստանի հունական բաժինը պիտի ըլլար, ուր հավանական է, որ գտնվեին թե կայսեր հրամանով շինված