Էջ:The Architecture, Tom 1.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վեր անդր ցուցաք. այր լի իմաստութեամբ և զօրաւոր ի գործս իւր»: (Նույն, երես 334)։

Վանա ծովի շրջակայքը, և ավելի ճիշտը, ամբողջ Վասպուրականի մեջ հոյակապ հայ հիշատակներու մնացորդներ, ճշմարտապատում վկաներ են, որ յուրաքանչյուր դարաշրջանում Մանուելի պես շատ արվեստագետներ ծներ, ապրեր ու գործեր են այնտեղ, անջնջելի հետքեր թողելով իրենց ետևը։

Անսպասելի կերպով 11-րդ դարուն Վասպուրականի ճակատագիրը մռայլվեցավ. մեկ կողմն դրացի փոքրիկ հայ թագավորներուն ներքին կռիվները, մյուս կողմանե Սելջուկներու կործանարար արշավանքները ստիպեցին Սենեքերիմ Արծրունիին Վասիլ կայսեր հավանությամբ թողուլ Վասպուրականը և իր երկրի բնակչության մեծամասնությամբ տեղափոխվիլ Սեբաստիո նահանգը (1021 թվին)՝ քրիստոնյա մեծ պետության մը տակ խաղաղություն գտնելու համար։

Այս ժամանակ Վասպուրականի գաղթականությունը չէր, որ բյուզանդական կայսրության երկիրները կողողեր. ահագին հոսանքներ սկսեր էին, Շիրակեն, Արարատեն, Վանանդեն ու Սյունիքեն, թողելով հայրենիքի մեջ կայք և ստացվածք, հետերնին առեր էին միայն իրենց մտավոր և ֆիզիկական կարողությունները նոր հայրենիքի փառաց համար ի գործ դնելու։

՝Անտարակույս, այս միլիոնավոր բազմությունը տարավ իրեն հետ ինքնուրույն բարքեր, սովորություններ և արվեստներ։ Այլևս ինչո՞ւ զարմանալ, որ Ստրչիգովսկի բյուզանդական արվեստի 10-11-րդ դարերու վերածնության մեջ հայկական, ազդեցություն կտեսնե և ինչո՞ւ Շ. Տիլ անհայտ հոսանքներ փնտռե նույն դարերուն Բյուզանդիոնի մեջ կանգնված քանի մը եկեղեցիներուն հայկականի նմանությունը ստանալուն վրա, քանի որ գաղթողներու կատարյալ քաղաքակրթված ըլլալը ամենևին կասկածի տակ չէ։

1888-ին ռումանահայ հոչակավոր հայագետ և պատմագետ Գր. Պըյըդլյան հոդված մը հրատարակեր է Բազմավեպի 46-րդ հատորին մեջ, որ հիմնվելով ի միջի այլոց ռոմեն պատմագիր B. P. Hasdeu-ի տված տեղեկությանց վրա, կջանար ապացուցանել, թե Ռումանիո մեջ Արճեշ գյուղը Հայաստանի Արճեշեն գաղթող հայերն են հիմնած և այնտեղի աշխարհահռչակ եկեղեցին նույն գաղթականության նախաձեռնությամբ հիմնված է նախապես։

Բազմավեպի խմբագրությունը այս հոդվածը տպելով հանդերձ, առանց որևէ պատճառաբանության հավանական չէ համարած հոդվածագրի տեսությունը։

Երկար տարիներ հետո, ճարտարապետության բազմահմուտ պատմաբան իր ուսումնասիրության մեջ ամբողջ Դանուբի եզերքները հայ ճարտարապետությամբ ողողված տեսնելեն հետո, մասնավորապես Արճեշի եկեղեցին ալ կմատնանշեր իր հայկական ոճի մեծ խառնուրդով:

Ռումանիայի Արճեշը Հայաստանի արճեշցիներու հիմնա՞ծն է, թե ոչ և կամ հայկական ոճը ի՞նչ աստիճան ազդեցություն ունեցեր է Դանուբի հովիտներուն մեջ ծաղկող ճարտարապետության վրա, այդ մասին արդեն սկսեր են խոսիլ մասնագետ գիտնականներ և դեռ պիտի խոսին հառաջիկային՝ երբ հետզհետե ծանոթանան նորանոր նյութերու և փաստերու հետ։ Ես այստեղ պիտի ներկայացնեմ Ռումանիայի Արճեշին հետ կապված ավանդություն մը, որ զարմանալի նմանություն ունի մինչև այսօր Հայաստանի մեջ գոյություն ունեցող հետաքրքրական ավանդության մը հետ։

Գեղարվեստական ոճերու պատմագիր Ռումանիայի Արճեշի եկեղեցվո մասին խոսած ժամանակ, ավանդություն մը կպատմե այն եկեղեցվույն հետ կապված։

Որպես թե այդ եկեղեցին շինող ճարտարապետը հույն մ'եր, Մանոլ անունով։

Մանոլ իր ծրագրած մեծագործ եկեղեցին հիմնարկելու նախագիշերը երազ մը կտեսնե և արթննալով իր ընկերներուն կպատմե, թե երկինքեն եկած ձայն մը իրեն կըսեր Ձեր բոլոր շինածները պիտի քանդվին, եթե առավոտուն կանուխ ձեզմե մեկուն առաջին անգամ կերակուր բերող կինը չհյուսեի եկեղեցվո հիմին մեջ։

Ամենը երդվեցան աստվածային պատգամին հնազանդիլ, իրենց ձեռնարկելիք մեծ գործին հաջողության համար։ Առավոտուն կանուխ, հանկարծ Մանոլի նորապսակ ամուսինը՝ Ֆլորան երևաց հեռվեն, որ իր սիրելի լծակցին կերակուր կբերեր։ Հակառակ Մանոլի արտասվալի աղոթքներուն և աղոթքներուն շնորհիվ հառաջացող հորդ անձրևներուն ու հեղեղներուն, հավատարիմ ու անձնվեր կինը առանց ճամբայեն ետ կենալու կհառաջանար դեպի Մանոլը։

Մանոլ ճարահատած, աստվածային պատգամին հնազանդելու համար իր կինը հյուսեց պատին մեջ։

Եկեղեցին շինել տվող իշխանը, շենքը բոլորովին ավարտելեն հետո, նախանձով լեցված, որպեսզի ուրիշ տեղ իր եկեղեցվույն նմանը չգտնվի, ուզեց ճարտարապետը և իր ընկերները սպանել։ Ուստի քանի դեռ տանիքեն վար իջած չէին անոնք, հրամայեց քանդել բոլոր սանդուխներն ու լաստերը, որպեսզի շենքի կտուրին վրա անսվաղ մեռնին։ Սակայն ամենակարող ճարտարապետները սկսեցին փոքրիկ փայտի կտորներով թևեր շինել ու թռչիլ, բայց շուտով վար ընկան և քար կտրեցան։ Նույնպես Մանոլ, երբ սկսեց թռչիլ հանկարծ լսեց իր սիրելի Ֆլորայի ողբագին հեծեծանքը, արյունը սառեցավ, աչքերը խավարեցան և ընկավ գետին։ Մանոլի ընկած տեղը հրաշքով փորվեցավ և աղբյուր մը բղխեցավ, ուրկեց կհոսի հստակ, բայց դառն ու աղի մը արցունքով խառնված: (E. Barberot. Histoire des styles d'Architecture. Paris, 1891, T. II, p. 258, 269):

Արճեշի հռչակավոր եկեղեցվույն մոտիկ այսօր ալ կա աղբյուր մը, որուն ջուրը աղի է և ռումանացիք fontana misterului Manola անունը կուտան։

Հայաստանի մեջ այս ավանդության մեկ ուրիշ այլազանությունը կա հսկայական պարիսպի մը շինության նկատմամբ, որուն հաստատությունը և հաջողությամբ ամբողջացումը մարդկային զոհ՝ աղջկան մը մարմինը՝ կպահանջեր, հիմին մեջ հյուսելու համար։

Կգտնվի քարսիրտ պառավ մը, որ շլացած իրեն խոստացված առատ ոսկիներու փայլեն, իր խնամքին հանձնված քրոջը որբացած աղջիկը կտանի իբրև զոհ։