Էջ:The Architecture, Tom 1.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետքն ու հարմար վայրը շենքի վրա առանց ծանրաբեռնելու։

Հռոմայեցիք, Հունաստանի վրա իրենց տիրապետության շրջանին, հարգանքով խոնարհվելով հունական գեղարվեստական ստեղծագործությանց առջև և միանգամայն անփոփոխ ընդունելով տեղական ճարտարապետության ոճը, շարունակեցին նվազ չափով զարգացած կուլտուրական, հասարակական և քաղաքական շինություններ, վերջապես ինչ որ կպակսեր Հունաստանի մեջ քաղաքական և տնտեսական հարաբերությունները հեշտացնելու համար։ Նախկին ասորա-բաբելական, պարսկական և ուրարտական մեծագործ ու մեծածախս ջրանցքներին հակադիր, շինեցին ավելի վայելուչ և նպատակահարմար ձևերով երկար ջրանցքներ, ջրմուղներ, կամուրջներ, գետնուղիներ, և այլ քաղաքական ու կուլտուրական շինությունների հետ միասին անհատական մեծ ու փոքր շինությունների մի բազմազանություն։ Ահա այս իսկ պատճառով, մեզ ժամանակակից մի պատմաբան ճարտարապետ հետևյալ բնորոշ որակումն է տալիս հույն և հռոմայեցի շինարար արվեստագետներին. «Հույները ճարտարապետներ էին, հռոմայեցիք՝ ճարտարագետներ»: Հռոմայեցիք հետագայում թեև ավելորդ զարդաքանդակներով հունական ոճի պարզությունը ծանրաբեռնեցին և անկման մոտեցրին, այնուամենայնիվ, տվին աշխարհին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպության և համամարդկային հասարակության։

Ճարտարապետության և ճարտարագիտության նախնի ստեղծագործությունները մշակելը, նորանոր գյուտերով աշխատանքը թեթևացնելը և ժամանակին ու միջավայրին հարմարցնելը մնում էր հետագա սերունդներին։

* * *

Վերև ակնարկեցի, որ միմյանցից անկախ և տարբեր ոճերով, Արևելքում, Արևմուտքում և Հարավում ստեղծագործված ճարտարապետական ոճերն իրենց բնիկ երկիրներում սահմանափակված չմնացին, զանազան քաղաքական, կրոնական, պատերազմական և առևտրական հարաբերությունների միջոցավ տարածվեցին բնիկ երկրից դուրս՝ հարևան երկիրների մեջ: Իսկ հարևան երկիրներ, ներմուծված ոճերն առավել կամ նվազ չափերով, ըստ տեղական պայմանների և ճաշակի, որոշ փոփոխությունների ենթարկելով, պատվաստեցին իրենց ճարտարապետական ոճին վրա:

Ճարտարապետության նախնական հայրենիք եղող մեծ պետություններով գրեթե շրջապատված էր Փոքր Ասիան: Այս երկրամասին մեջ կային անկախ կամ կիսանկախ փոքր ժողովուրդներ, որոնցից մեկն էր Հայաստանը, և անմիջականորեն ենթակա էր շրջապատում ծաղկող քաղաքակրթության ազդեցության:

Ապացուցված ճշմարտություն է, որ նախաքրիստոնեական դարերում իսկ, Հայաստանի ժողովուրդը միշտ կենդանի և գործոն հարաբերության մեջ էր սահմանակից մեծ պետությունների հետ և բնավ անտարբեր չէ եղած շրջակա երկիրների մեջ կատարված կուլտուրական նվաճումներեն օգտվելու: Նախաքրիստոնեական շրջանից թեև փաստացի մեզ հասած ճարտարապետական կատարելագործված հուշարձաններ չկան Հայաստանում, սակայն կան մի քանի շենքեր, որոնք վերագրվում են հին թվականին, հենվելով իրենց ձևերին և ստորաբաժանումներին վրա, որոնք քրիստոնեական լինելու ոչ մի հավանականություն չեն ընծայում, բայց քրիստոնեական շրջանի մեջ, օգտվելով այդ ճարտարապետական կատարելագործված շենքերի գոյութենեն, վերածել են եկեղեցիների՝ անկասկած, 4-րդ և 5-րդ դարերուն։ Հիմնվելով ճարտարապետական արվեստի զարգացման անվրեպ օրենքների վրա, հաստատվում է, որ մի քանի դար շարունակ մշակված և ըստ ամենայնի կատարելության հասած արվեստագործության արդյունք են։ Այնուամենայնիվ, քրիստոնեական առաջին շրջանից սկսած ապացույցներ բազմաթիվ են, որ ճարտարապետական արվեստը տասնյակ դարեր մեծամեծ նվաճումներ է արել Հայաստանում, ստեղծել է իր սեփական ինքնուրույն ճարտարապետությունը և ճարտարապետական ոճը, փոխառյալ մասեր անճանաչելի դարձնելու չափ հմտությամբ ձուլեր է իր սեփական ոճին մեջ, և իր ստեղծագործություններով ազդել է նույնիսկ ճարտարապետական արվեստի տեսակետով զարգացած երկիրներու վրա, որի մասին այսօր հիացմամբ են խոսում ճարտարապետության պատմաբանները։

Ներկա ժամանակի ճարտարապետական պատմաբաններ, արևմտյան ճարտարապետության ուսումնասիրությունների համար իրենց նյութը վերցնում են գրեթե միմիայն կրոնական շենքերից, որովհետև կրոնական շատ հուշարձաններ են մեզ հասած, մեծ մասամբ անվնաս, և արվեստի բոլոր կատարելություններով օժտված, ժամանակի պահանջի համեմատ։ Իսկ աշխարհիկ շենքերի մասին միմիայն Հունաստանն է, որ քիչ նյութ է տալիս ուսումնասիրության համար, սակայն հռոմեական տիրապետության շրջանը լրացնում է այդ պակասը հասարակական և անհատական շենքերի տեսակետով, որուն մասին առիթ պիտի ունենամ խոսելու։

Եգիպտոսը, նախաքրիստոնեական շրջանում, իբրև քիչ հեղաշրջումներ կրած երկիր, զգալի փոփոխություն չկատարեց ճարտարապետական ասպարիզում. հիրավի, թեև արվեստն իր նախնականութենեն հետզհետե դուրս գալով՝ որոշ նրբությունների և կատարելությունների հասավ, սակայն իր կիկլոպյան երևույթը մնաց մինչև պտղոմյան տիրապետության շրջանը. այդ շրջանին արդեն սկսեց լիովին փոխվիլ և ենթարկվիլ տիրող տարրի ճարտարապետական ոճերին։ Պտղոմյանց շրջանին թեև եգիպտական ճարտարապետության պատկերը փոխվեց, սակայն նախկին ոճերեն բավականաչափ նյութեր տվեց իրենից հետո վերածնող ճարտարապետություններին ուրիշ երկիրների մեջ։ Այստեղ արդեն ուսումնասիրության նյութը միայն կրոնական չէ. համեմատաբար ավելի շատ են քաղաքային և հասարակական շինությանց և գեղարվեստական արտադրությանց մնացորդներ, որ անսպառ նյութ են մատակարարում գիտնականներին և արվեստագետներին։

Հունաստանի մեջ պատկերը բոլորովին տարբեր էր։ Հունա-հռոմեական ճարտարապետական ոճն այնքան կատարելագործված և գեղեցիկ էր, որ ոչ միայն