Էջ:The Architecture, Tom 1.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունեցավ Հայաստանում։ Նրանից հետո շինված շենքեր երբեք նույն ոճի ազդեցության տակ չընկան։ Մեկ խոսքով, հայերը չհամակրեցին այդ ոճին և շարունակեցին զարգացնել իրենց ավանդական արևելյան ոճը։

Նախքան Արշակունիների հունական կուռքեր Հայաստան բերելը և նրանց համար հունա-հռոմեական ձևով մեհյաններ շինելը (որոնց ձևը փոխանցվեց քրիստոնեական տաճարների մինչև 6-րդ դարու կեսը) հաստատուն փաստեր չկան, թե երբևիցե գոյություն ունեցել են Հայաստանում կրոնական պաշտամանց հատուկ տաճարներ։ Ամենայն հավանականությամբ իբրև բնապաշտ ժողովուրդ, ինչ սովորություններ որ ընդունել էր արևելյան հին ազգերի պաշտամանց ձևերից, նույն սովորությունները շարունակում էր, այսինքն իր բոլոր պաշտամանց արարողությունները կատարում էր բացօթյա՝ սրբազան համարված վայրերի վրա, որպիսիք են լեռնային բարձունքներ, խիտ անտառներ, գետեր, աղբյուրներ և այլն, և այլն։ Այս մասին ակնարկներ պակաս չեն հայոց դյուցազնական շրջանի պատմության և ավանդությունների մեջ։ Հիրավի, ոչ հունական դիցապաշտությունը և ոչ նոր քրիստոնեական կրոնը չկարողացան մոռացնել տալ հայ ժողովրդին հնագույն սովորությունները և պաշտամունքը այն վայրերին, որոնք անհիշատակ ժամանակներից նվիրականացած էին. դեռ մեր օրերին իսկ պակաս չեն սնապաշտ ուխտագնացություններ դեպի երևակայական ոգիների բնակավայր սարի գագաթներ, գետեր, լուսաղբյուրներ, կաթնաղբյուրներ և այլն։ Ուրեմն, եթե Հայաստանի մի քանի միապետներ իսկապես ցանկանում էին հունա-հռոմեական քաղաքակրթություն զարգացնել Հայաստանի մեջ հունական կրոնի և ճարտարապետական կառուցվածքների միջոցավ, այնուամենայնիվ գրեթե չհաջողեցան։ Ոչ միայն հունական ճարտարապետական ոճը մերժվեց, այլև հունական աստվածներին ևս տեղական բնույթ ունեցող հատկանիշներ վերագրվեցին:

Առաջին վերածնության շրջանին մեջ է, որ Հայաստանում երևում են գմբեթաշինության նախնական փորձերը 5-րդ դարու վերջերին։ Տեկորի եկեղեցի ի գմբեթի կառուցվածքն ապացույց է, որ 5֊րդ դարում Հայաստանի մեջ տակավին կատարելապես զարգացած չէր գմբեթաշինության արվեստը։ Տեկորի եկեղեցիի գմբեթի վրա վերին աստիճանի պարզ երևում է կառուցվածքի նախնականությունը, իսկ Էջմիածնի տաճարի 5-րդ դարու գմբեթի մասին միայն պատմական ավանդություններից գիտենք, որ փայտով էր շինված. թե ի՞նչ ձև և շինելակերպ ուներ, մեզ հայտնի չէ, սակայն կասկածից դուրս է, որ պետք էր խիստ նախնական և անհաջողղ ձև ունենար, որ 7-րդ դարուն Կոմիտաս կաթողիկոսը քանդելով՝ վերաշինեց քարով, երևի որոշ նմանությամբ յուրաշեն Հռիփսիմեի տաճարի գմբեթին։ Ինչպես պիտի տեսնենք հետո, 7-րդ դարուն գմբեթաշինության արվեստը Հայաստանի մեջ բավական մշակված և կատարելության հասած էր։

Առհասարակ նկատված է, որ քաղաքական հեղաշրջումները մեծ ազդեցություն են ունենում ճարտարապետության վրա։ Դեռ 5-րդ դարու վերջերին, որ Հայաստանի համար քաղաքական հեղաշրջումների մի շրջան է, նկատվում են որոնումներ և փորձեր ճարտարապետության մի նոր վերածնության համար։ 6-րդ դարուն արդեն կատարելապես պարզվում են ընդհանուր համահայկական մի նոր ճտրտարապետական ոճ ստեղծելու ճիգերը, որովհետև այս դարուն կանգնված մի քանի շենքեր, որոնք հասել են մինչև մեր օրերը, պահելով տեղական շինարարության հատուկ օրենքները և ավելի զարգացնելով այդ ճյուղը, գեղարվեստական ոճի տեսակետով բավական տարբերվում են միմյանցից։ Այս շենքերից յուրաքանչյուրի վրա նկատվում են օտարերկրյա զանազան ոճերի պատվաստման փորձերը։ Երերույքում շինվում են նախաքրիստոնեական ծագում ունեցող և 5-րդ դարու հայոց ճարտարապետության մեջ ընդունված portique-ները (սյունասրահ), դռների վրա fronton-ներ հունական ոճով, սակայն թե սյունասրահի և թե դռների երկու կողմի սյուների խոյակներն ու խարիսխները միանգամայն արևելյան են. դռների որմնասյանց խոյակները գուցե սյուրիական ազդեցության են ենթարկված, սակայն սյունասրահի (portique) սյանց խոյակները հյուսկեն քանդակներով զարդարված գնդաձև են, հաստ և լայն abaque-ներով, որոնց ծագումը կգտնենք հեռավոր Ասորեստանի Խորսապատի ավերակների պեղումներով հայտնաբերված, իսկ խարիսխները Պարսկաստանում, Ֆիրուզապատի մեջ։ Շենքի շուրջանակի պսակը, որ ոմանց հունական երևցավ, մեջը քանդակված denticule-ների պատճառով, այնուամենայնիվ ոչ թե հունական է, այլ պարզապես պարսկական և պերսիպոլական ճիշտ համաչափություններով. թեև հունականի ազդեցությունն է, որ այս զարդաքանդակները մտեր են Պարսկաստան, սակայն պարզ է, որ հետադարձ մի ազդեցություն է Հայաստանի վրա՝ Պարսկաստանում ընդունված համաչափություններով։ Փոքր տրամագծով կամարներ եղել են, սակայն լայն տրամագծով կամարի գոյությունը կասկածելի է. բոլոր պատուհաններ խոշոր են և fer á cheval աղեղներով պսակված։ Կամարների և աղեղների գյուտը, ինչպես հիշել եմ՝ հին քաղդեական և ժամանակի ընթացքում հասած մինչև Հայաստան, այնուամենայնիվ, ինչպես տեսանք առաջին վերածնության մեջ, Հայաստանում քաղդեական և պարսկական այս շինվածակերպը տեղականանալով՝ փոխվել է պայտաձևի։

Շինանյութն այս դարաշրջանում ևս, կրաշաղախով զանգված հրաբխային տուֆ քարն է, ինչպես պիտի տեսնենք այս մասին, որ Հայաստանի մեջ այս հարմարագույն շինանյութի, այսինքն տուֆ քարի առատության պատճառով մինչև հայ արվեստի վերջնական անկումը և մինչև իսկ մեր օրերուն շենքերը շինվել են քարով։ Սակայն Երերույքում հետաքրքրական է պատերի շինվածակերպը. հակառակ ներքուստ և արտաքուստ քարերի մակարդակի մեծ ծավալին, հաստությունները քիչ են, որով ներքին և արտաքին շարվածքների միջոցը մնում է մի բետոնի թանձր շերտ կրաշաղախով զանգված։ Ավելորդ է խոսել տաշվածքի մաքրության՝ վերին աստիճանի ճարտարությամբ հղկելու մասին, որն այսօր իսկ մեզ համար մեծարժեք