Էջ:The Architecture, Tom 1.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկու, տեսակն էլ շինում էին։ Թեև տակավին ինձ չի պատահել բոլորովին բոլորակ թմբուկով կառուցված գմբեթ 7-րդ դարուն, սակայն բնական է, որ նախկին զարգացած օրինակների հետևողությամբ էր, որ 10-11-րդ դարերուն հաճախ կգտնենք pendentif-ների վրա կանգնված բոլորակ թմբուկով գմբեթներ։ Ինչպես բովանդակ շենքի կտուրների վրա, նույնպես գմբեթների կոնաձևերի ծածկերի վրա շարված են թրծուն կղմինդրներ՝ առհասարակ ծածկի ձևին հարմարությամբ, մեկ կողմը լայն, իսկ մյուս կողմը նեղ, և այսպես հաջորդաբար նեղնալով մինչև գագաթին հասնելը։

Երկրորդ գծով զարգացող գմբեթաշինությունը, որուն ամենահին օրինակը համարում եմ Տեկորի տաճարի գմբեթը, շարունակված է մինչև 15-րդ դար, հայոց եկեղեցիների գավիթների, տոհմային դամբարանների և ուրիշ հասարակական շինությունների վրա՝ հետզհետե կանոնավորվելով, ճոխազարդվելով և ըստ ամենայնի կատարելության հասնելով։ Այս ձևի գմբեթները, փոխանակ ուղղահայաց թմբուկներով կազմվելու, մույթերը միացնող աղեղներից կազմված քառակուսի բացվածքի յուրաքանչյուր կողմի լայնությամբ պատեր բարձրացնում էին աստիճանաբար վայրահակ. չորս կողմից վայրահակ պատերի շինվածքի պատճառով անկյուններում գոյանում էին բաց մասեր, սկզբում աննշան, բայց հետզհետե լայնացող, այս բացվածքները ևս շինվում էին նույնպես վայլահակ։ Երբ ամեն կողմից հավասար մակարդակի վրա բարձրանում էին պատեր, հասնում էին մի կետի, որ ինքնին կազմվում էր հավասարակողմ ութանկյուն։ Ութանկյուն գագաթին վրա շինում էին սովորաբար բոլորշի մի լուսիջույց։

Տեկորի նախնական оրինակից հետո գեթ ինձ չէ պատահել այս ձևով շինված գմբեթ մինչև 10-րդ դար։ Անշուշտ, շարունակվում էր այս ձևը Հայաստանում, որ հանկարծ 10-րդ դարում երևան է գալիս ավելի շքեղ և կատարելագործված ձևով: Ես հավատացած եմ, որ գմբեթաշինության այս ձևը շարունակվում էր ոչ միայն քարաշեն շենքերի մեջ, այլև փայտաշեն աշխարհիկ շենքերի մեջ ևս, սակայն նրանք մեզ չեն հասել։ Այս ձևով կազմված փայտակերտ գմբեթներ մինչև այսօր շարունակում են շիթվել մեր գավառական քաղաքների և մասնավորապես գյուղերի մեջ։ Այս ձևով գմբեթը, անշուշտ, ի հնումն ունեցել է իր որոշ անունը, սակայն մոռացվել է գրականության մեջ ժամանակի ընթացքում զանազան ազդեցությունների տակ: Իսկ ժողովրդական բարբառների մեջ պահված են երկու բառ. մեկը սողոմաքաղ, որ անպատճառ հայերեն է, իսկ մյուս բառը՝ դառնավուճ, որ հավանորեն թուրքերեն կամ պարսկերեն է[1]։ Ես տեսել եմ Կումայրիում (այժմ Լենինական) սողոմաքաղ փայտակերտ գմբեթներ մի քանի հատ. իսկ հայ գյուղական տներում հաճախ կարելի է տեսնել, որոնք ավանդաբար շինում են շարունակ իրենց նախնիքներից մնացած այս ձևի գմբեթներ, ընդարձակ տարածությամբ հացատների վրա: Գյուղական տների մեջ թեև պարզ ձևեր շատ կան, բայց ոմանք այնքան գեղեցիկ, բարձր և ճոխ շինվածք ունին, որ հիացում կպատճառեն դիտողին, երբեմն արտակարգ սիրով նույնիսկ քանդակագործված են փայտերը։

Սողոմաքաղ գմբեթներն արտաքուստ ոչ մի գեղարվեստական տեսք չունին, այլ մի հողածածկ թումբ են ներկայացնում երդիկի վրա՝ իրենց բարձրության չափով. արտաքին զարդը միմիայն գագաթի վրա շինված լուսիջույցն է, որ երբեմն մի առանձին շրջանակով շրջապատված է։ Տան մեջ մեծամեծ սենյակներ, հյուրասրահներ սողոմաքաղ գմբեթավորելու սովորությունը տարածված էր Տաճկահայաստանում, և այնտեղ դուպպե կամ գուպպե անունն են տալիս թուրքերեն բառով։ Այս երկրորդ գծով զարգացող քարաշեն գմբեթները, հետզհետե մասնավոր ձևափոխություններով, ավելի ճոխացած շարունակվում էին հետևյալ վերածնությունների ժամանակ, որի մասին կգրեմ իր կարգին։

Շենքի պսակները ևս մինչև 7-րդ դարու կեսը պահելով միանգամայն իրենց արևելյան ոճի տիպը, moulure-ների դասավորությամբ և քանդակագործական ոճով մի բազմազանություն կներկայացնեն, այնպես որ մինչև 7-րդ դարու կեսը շինված յուրաքանչյուր շենքի վրա առանձին տեսակ պսակներ կտեսնենք։ 7-րդ դարու կեսից հետո պսակներն սկսում են միօրինակ ձև ստանալ. գրեթե համանման moulure-ներով, սակայն մեջտեղը մի լայն բաց մաս է թողված, որուն մեջ առանց բացառության քանդակված են հյուսկեն քանդակներ:

  1. Մի քանի գավառաբարբառներում կոչվում է հագարաշեն և գլխատուն հայերեն բառերով: ԿԱԶՄՈՂ